Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶՊՐՈՄԸ ՆԱԽԱՆՁՈՒ՞Մ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ»

Տնտեսություն

«Գազպրոմը» ըմբռնում է Հայաստանի տնտեսական իրավիճակը: Դրա ապացույցը, ըստ «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի, այն է, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 110 դոլարով, մինչդեռ , իրենց ուսումնասիրություններով` արդեն 2011թ. ՌԴ_ի ներքին սպառման համար գազի գինը կկազմի 1000 խմ դիմաց 150 դոլար: «Հայաստանը ներկայումս գազը գնում է նվազագույն ցածր գնով, ավելի էժան, քան Բելառուսը, որի համար 2008 թ-ին «Գազպրոմը» սահմանել է 1000 խմ դիմաց 130 դոլար գին, այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս մեկ տարի էլ 1000 խմ գազը ձեռք կբերի 110 դոլարով,-նշեց Գոլուբեւը:- Փաստորեն` «Գազպրոմը» ներկայում դոտացիա է տալիս Հայաստանի տնտեսությանը` գազը վաճառելով ցածր գնով: Հայաստանն այսօր գազը ստանում է 110 դոլարով: Դա իրապես մեր ըմբռնումն է, մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի ըմբռնումը»: ՀՀ տնտեսությանը չվնասելու համար Գլուբեւը գտնում է, որ գազի թանկացումը չպետք է լինի կտրուկ: Պարոն Գոլուբեւն այսօր գովեստի խոսքեր շռայլեց «Հայռուսգազարդի» 10-ամյակի առիթով:

«Պետք է ասեմ, որ մենք նույնիսկ նախանձում ենք Հայաստանի գազաֆիկացիայի մակարդակին: Մենք խոնարհվում են «Հայռուսգազարդի» ձեռքբերումների առաջ: Այսօր այն էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացիայի մակարդակին: Միայն Ռուսաստանի առանձին նահանգներ ունեն Հայաստանի Հանրապետության գազաֆիկացիայի մակարդակը»,- հայտարարեց «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը: Նրա կարծիքով` «Հայռուսգազարդի» հաջողությունները պայմանավորված են Հայաստանի տնտեսության կայուն աճով եւ «Հայռուսգազարդի» արհեստավարժ կառավարմամբ:

Գոլուբեւը կարեւորեց հատկապես գազով աշխատող շարժիչների համար բնական գազի օգտագործումը, որի ուղղությամբ «Հայռուսգազարդը» արձանագրել է բավական դինամիկ զարգացում: «Հայաստանում գազը մեծ պահանջարկ ունի իբրեւէ տրանսպորտային վառելիք» եւ բենզինի ու դիզվառելիքի համեմատ գազը եւ էժան է, եւ էկոլոգիապես մաքուր: Այս ուղղությամբ նույնպես «Հայռուսգազարդի» աշխատանքը ցանկանում ենք դարձնել բավականին մեծ»,-ասաց նա: Որպես դրական ձեռքբերում Գոլուբեւն առանձնացրեց գազի սպառման կառուցվածքի փոփոխությունը. «Եթե նախկինում հիմնական սպառողը էներգետիկան էր, ապա այժմ բավական մեծ ծավալ է կազմում փոքր ու միջին բիզնեսի սպառած գազը, այդ թվում ` բնակչության ապահոված սպառումը»:

Գոլուբեւի խոսքը շարունակեց «Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ խոստացավ, որ առաջիկա 10 տարիները «Հայռուսգազարդի» համար նույնպես լինելու են հաջողության եւ հաղթանակի: Իսկ գազի գնի թանկացման մասին նա խորհորդ տվեց ժամանակից շուտ չխոսել եւ բոլորին այսօր երեկոյան հրավիրեց Հանրապետության հարապարակ «Հայռուսգազարդի» հոբելյանական համերգի:

Ի դեպ, այսօր «Հայռուսգազարդին» անձամբ շնորհավորելու համար ընկերություն այցելեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն պարոն Քոչարայանին ծանոթացրեց ընկերության նորոգված տարածքին: «Հայռուսգազարդի» նորոգված տարածքին ծանոթանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն անցկացրեց «Հայռուսգազարդի» 57 տոկոսի փայատեր «Գազպրոմի» պատվիրակության հետ: