Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«VIVACELL»-Ն ԱՄՈՒՍՆԱՑԱՎ MTS-Ի ՀԵՏ

Տնտեսություն

Ընդամենը երկու ամիս առաջ «VivaCell» ընկերության ղեկավարությունը ժխտում էր այն լուրերը, որ իրենց բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին վաճառելու են ռուսական MTS ընկերությանը: Նրանք, սակայն, միաժամանակ հայտարարում էին, որ իրենց «18 տարեկան գեղեցիկ, երիտասարդ աղջկա շուրջ փեսաները շատ են», եւ նա ընտրություն չի կարողանում կատարել ու չի ուզում ամուսնանալ:

Այսօր արդեն հայտվել է համապատասխան հարուստ ու լավ փեսացուն, որի հետ էլ կայացավ սպասված ամուսնությունը: «Շնորհավորում եմ ձեզ՝ հարսնացուն վերջապես կողմնորոշվել է, թե ում հետ է ուզում ամուսնանալ՝ դա MTS-ն է, որն աշխարհում հայտնի է իբրեւ լավագույն բջջային ընկերություններից մեկը՝ իր ծառայությունների բարձր որակով, բարձր տեխնոլոգիաներով եւ սպասարկման կուլտուրայով»,- հայտարարեց «VivaCell» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Ֆաթուշը:

«VivaCell»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ այսպես սկսեց իր խոսքը. «Իմ ձախից նստած են հարսի ծնողները, աջից՝ փեսայի ծնողները: Ուզում եմ նորապսակներին շնորհավորել եւ ցանականալ շատ երեխաներ»: Իսկ «VivaCell»-ի պես հարսնացուն փեսայի կողմից գնվել էր 310 մլն. եվրոյով եւ եւս 140 մլն եվրոյի չափով վարկ՝ առկա պարտավարությունները մարելու եւ ներդրումային ծրագիրը ֆինանսավորելու համար: Այսպիսով՝ 310 եվրոյով MTS ընկերությունը գնեց «VivaCell»-ի բաժնետոմսերի 80 տոկոսը: Մնացած 20 տոկոսի առքն ու վաճառքի պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2010թ. հուլիսից ոչ շուտ եւ վավեր է մինչեւ 2012թ.:

MTS ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդն հայտարարեց, որ իրենք հպարտ են, որ իրենց ընձեռնվել է այդ հնարավորությունը եւ ամեն ինչ կանեն, որ լինեն արժանի այդ վստահությանը: Եթե «VivaCell» ընկերության ղեկավարներն իրենց խոսքը կառուցում էին գեղարվեստորեն, ապա պարոն Մելամեդը նախընտրել էր խիստ հստակ ու որոշակի ձեւ: Մասնավորապես` նա նշեց, որ իրենց ընկերությունն արդեն գործում է ԱՊՀ 5 երկրներում եւ ապահովում է կապի բարձր որակ: «Մենք խոստանում ենք, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ապահովել բարձրորակ կապ եւ թափանցիկ գործունեություն: Ի դեպ, մեզ մեր թափանցիկ ու հստակ գործունեության համար հաճախ անվանում են ձանձրալի կազմակերպություն: Բայց ասեմ, որ դա մեզ համար միայն պլյուս է: Մենք ձգտում ենք լինել ազգային կառույց»,- իր խոսքում ընդգծեց Մելամեդը:

Այն լուրերին, թե իբր «VivaCell»-ն իր բաժնետոմսերը վաճառել է իշխանական ճնշումների արդյունքում եւ որ այդ 80 տոկոսը պատկանում է ՀՀ նախագահի ընտանիքին, այլ ոչ թե պարոն Ֆաթուշին, Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ լրագրողների հարցերը քաղաքական բնույթ են կրում, իսկ իրենք այստեղ խոսում են միայն բիզնեսից. «Ի վերջո, երբ աղջիկը հասուն է դառնում, բնականաբար ցանկություն է առաջանում ամուսնանալ, եւ այդ ամուսնությունը եղավ: Դա ընդամենը հաջող բիզնես է: 2004թ.-ի նոյեմբերից այս 1045 օրերի ընթացքում ինչ խոստացել էինք, կատարեցինք»:

«VivaCell»-ի ղեկավարությանն այնքան էր դուր եկել փեսա-հարս գաղափարը, որ նրանք ամեն կերպ օգտագործում էին այն՝ ինչ-որ տեղ նաեւ խուսափելով ուղիղ պատասխաններից:

Էլ ինչ իրական հարսանիք առանց հյուրասիրության եւ կենացների. լրագրողների հանդիպումից հետո «VivaCell» եւ MTS ընկերությունների ղեկավարները նորապսակների համար կազմակերպել էին ճոխ ճաշկերույթ: