Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՅՈՒՋԵՆ 3 ՄԼՐԴ ԿԱՐԵԼԻ Է ԴԱՐՁՆԵԼ

Տնտեսություն

«Դոլարն այսօր աշխարհում հասել է իր պատմական մինիմումին, Հայաստանում հակառակն է՝ 2 տոկոսով կուրսը բարձրացել է»,-դոլարի փոխարժեքի անհասկանալի տատանումների վերաբերյալ «Ա1+»-ին ասաց տնտեսագետ Էդուրադ Աղաջանովը: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ դոլարի փոխարժեքը 334 դրամ էր, այժմ արդեն դրամի փոխանակման կետերում հանդիպում ենք 341-ի:

«Հայաստանում դոլարի կուրսը ոչ մի տրամաբանություն չունի: Ոչ մի տնտեսական հիմնավորում գոյություն չունի: Սա խաղ է՝ սրա կամ նրա օգտին. տրամաբանություն փնտրել մի երկրում, որտեղ ամեն ինչ անտրամաբանական է՝ ավելորդ է»,-ասաց տնտեսագետը:

Էդուարդ Աղաջանովը շատ պատկերավոր ներկայացնում է հայաստանցիների վիճակը. «Հենց դոլարի կուրսը ընկնում է 2 տոկոսով՝ մեր ամբողջ հասարակությունը գույնը գցում է, որովհետեւ ըստ ԿԲ-ի, դա նշանակում է, որ մեր տնտեսական աճը կանգնեց, տուրիստները վերացան, մեր բոլոր բարեկամները, որ մեզ տրանսֆերտներ են ուղարկում դրսից՝ սննկացան»: Խոսքը ԿԲ-ի նախագահի՝ տնտեսական աճի հիմնավորումների մասին է:

«Հենց ընկնում է դրամի կուրսը՝ հակառակն ենք պատկերացնում, բայց պատկերը այլ է»,-շարունակում է նա` ասելով, թե բացատրություն անհնար է տալ.«Ոչ դրսի, համաշխարհային շուկայի հետ կապ ունենք, ոչ էլ ներսի, ասենք որեւէ պրոբլեմներն են ազդում դրամ-դոլար հարաբերությունների վրա»:

Կանխատեսումներ կան, որ դոլարի փոխարժեքը մինչեւ տարեվերջ իջնելու է 320 դրամի, իսկ մինչեւ 2010 թվական՝ 200 դրամի: Պարոն Աղաջանովը հրաժարվեց կանխատեսում անել. «Հայաստանում ընդհանրապես ոչ մի կանխատեսում չի կարելի անել, որովհետեւ ոչ մեկը չգիտի իրենց/ իշխանությունների/ ախորժակի չափը, եթե իմանայինք նրանց ախորժակի չափը՝ կասեի իջնելու է 320, թե 220»: Էդուարդ Աղաջանովից հետաքրքվեցինք 2.5 միլիարդանոց բյուջեի մասին. արդյո՞ք այն նախընտրական բյուջե չէ, եւ միայն 2008թ-ի համար չէ:

«Մեր բյուջեն հանգիստ կարող է լինել 3 մլրդ եւ մի բան էլ ավել, որովհետեւ մեզ մոտ ստվերային տնտեսությունը կեսից ավելին է. մեր ՀՆԱ-ի կեսից ավելին ստվերային տնտեսությունն է. ըստ պաշտոնական վիճակագության, մեր հարկային մուտքերը ստվերային տնտեսության նկատմամբ 2006թ-ին կազմել է ընդամենը 13,4 տոկոս. սա նշանակում է, որ ՀՀ-ում կեսից ավելին ստվերում է»,-պատասխանեց նա:

Էդուարդ Աղաջանովը մեզ հետ զույցում ներկայացրեց բյուջեի ծավալի մեծացման ձեւերը. երկու դեպքում է այդպես լինում. «Եթե դրամի կուրսը բարձրանում է՝ դոլարը իջեցնում են. պարզ է, որ այդ դեպքում դոլարային արտահայտությամբ բյուջեն մեծանում է»: Աղաջանովը նկատեց, որ 2006 թվականին ՀՆԱ-ի աճը դրամով ընդամենը 13 տոկոս էր, իսկ դոլարով՝ 33 տոկոս: «Դոլարի արժեզրկման պարագայում կարելի է եւ բյուջեն ավելացնել եւ ՀՆԱ»-ն: