Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԵՂՏՈՏ ՇՈՐԵՐԻ ԼՎԱՑՔԱՏԱՆ Է ՎԵՐԱԾՎԵԼ»

Տնտեսություն

«Դրամի արժեւորումն այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, անբնական երեւույթ է»,- կարծում է տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանը: Ըստ նրա՝ չկա մի երկիր, որն ունենա 40 տոկոս գործազրկություն, աղքատության բարձր շեմ, տնտեսական լարված իրավիճակ ու ազգային դրամն այդքան արժեւորվի, ինչպես տեղի է ունենում Հայաստանում: «Սա ես համարում եմ հայկական ձեւով արժեւորում, սինդրոմ, հիվանդություն, որի ժամանակ կարեւորվում է միայն սեփական շահը»,- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում ասաց նա:

«ՀՀ դրամի «վարքագիծը». տնտեսական եւ քաղաքական պատճառներն ու հետեւանքները» թեմայով սեմինար-քննարկմանը ներկա մասնագետները վստահ էին, որ դրամի արժեւորման հետեւանքով առաջացած անբնական գնաճը վկայում է իշխանությունների` քաղաքական կամքի եւ երկրի նկատմամբ սիրո բացակայության մասին:

Տեւական այն պնդումը, թե դրամի արժեւորման վրա հիմնարար ազդեցություն են ունենում օտարերկրյա տրանսֆերտները, տիկին Թադեւոսյանը այնքան էլ տրամաբանական չհամարեց, քանի որ, ըստ նրա՝ տրանսֆերտներն ուղղված են աղքատ խավին եւ արժեւորման ժամանակ առաջին հարվածն ուղղվում է հենց նրանց: Իսկ ընդհանրապես՝ տրնսֆերտների մեծ հոսք եղել է 2003թ., իսկ հիմա շատ ավելի ցածր է: Մյուս կողմից. «Հայաստանի պես զարգացող երկների համար կարեւորը պետք է լինի արտահանումը, այլ ոչ թե ընդհակառակը, ինչն այսօր առկա է»: Հատկապես վերջին ժամանակներում արտահանման եւ ներմուծման միջեւ եղած խզումն ավելի է մեծացել. ներմուծվող ապրանքները շարունակում են գերակշռել տեղական շուկայում եւ դրամի արժեւորման պայմաններում վաճառվել շատ ավելի թանկ գներով: Օրինակ՝ շաքարավազ ներմուծողներն այդ ընթացքում ունեցել են 70 տոկոս գերշահույթ:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Զոյա Թադեւոյանի վստահեցմամբ՝ «երկրում այնպիսի արհեստական իրավիճակ է ստեղծվել, որ ներդրումներն ուղղակի անարդյուանվետ են դառնում»: «Պատճառն այն է, որ մեզանում արժութային քաղաքականությունն, իմ գնահատամամբ, իրավիճակային է, որն ուղղված է ստվերային տնտեսությունն ավելի ստվերայնացնելուն եւ օլիգարխներին ավելի հարստացնելուն: Այդ առումով մեր հանարապետությունը ռիսկային է ներդրումների առումով: Իրավիճակը շտկելու համար, օրինակ՝ հարկավոր են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Հակառակ դեպքում Հայաստանը նմանվում է մի լվացքատան, որտեղ բոլորը ցանկանում են լվանալ իրենց կեղտոտ շորերը»,- ասում է նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նախընտրեց խոսել տնտեսական պարադոքսներից: Անդրդառնալով տրանսֆերտներին՝ նշեց, որ ինքն էլ ժամանակին ոչ միայն աշխատել է արտերկրում ու գումար ուղարկել, այլեւ գրպանները լիքը վերադարձել տուն: Ըստ այդմ՝ ինքը համաձայն չի այն վերլուծաբանների հետ, որոնք առաջարկում են տրանսֆերտները դարձնել ներդրումներ: «Մյուս կողմից՝ պետք է նշել, որ մեր երկրում կապիտալի փախուստ կա. մեր մեծահարուստներն իրենց ներդրումներն անում են արտերկրում՝ Վրաստան, Ռուսաստան, Արաբական Էմիրաթներ եւ այլն: Այսինքն՝ արտաքին ներդումների վստահության դաշտը կորել է եւ պետք է լուրջ ուսումնասիրել, թե որոնք են դրա պատճառները՝ տարնսֆերտներ, տնտեսական աճ, քաղաքական իրավիճակ եւ այլն»,- ասում է նա:

Երկրի անկայուն տնտեսական իրավիճակի համար, ըստ Մանասերյանի, մեղավոր ենք բոլորս: «Մենք ինքներս պետք է լինենք պահանջատեր: Ցանկացած ղեկավարության կարող ենք պասիվության մատնել միայն մեր պասիվությամբ»,- ավելացրեց նա: