ԻՐԱՆ -ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ
Աջակցիր «Ա1+»-ինԻրան- Հայաստան կառուցվող գազատարի խողովակաշարի կառուցման, տեղադրման աշխատանքները ավարտել են, եւ այժմ իրանական կողմը սպասում է «հայկական կողմի ազդանշանին` Հայաստան գազ առաքելու համար»: Այս մասին հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սեիդ Ռեզա Կազայիզադեն: Ըստ նրա, Իրանը ակնկալում է օրական 3 միլիոն խորանարդ մետր գազ առաքել Հայաստան:
«Հայռուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանից պարզեցինք, որ իրենք Իրան-Հայաստան գազատարի 40 մետրանոց հատվածի հետ իրավաբանական որեւէ կապ չունեն: Այսօր ընկերությունը զբաղված է գազատարի Քաջարան-Արարատ հատվածի 720 մմ-անոց տրամաչափով խողովակաշարի կառուցման աշխատանքներով: Դրանք կավարտվեն, ըստ Շուշան Սարդարյանի, հաջորդ տարի: Այս խողովակաշարը հնարավորություն կտա Իրանից եկող գազը հասցնել ՋԷԿ-երին: Իսկ Իրան-Հայաստանի 40 մետրանոց հատվածն առայժմ իրավաբանորեն գտնվում է ՀՀ Էներգետիկայի նախարարության հաշվեկշռում:
«Լրացուցիչ գազի ծավալ այսօր Հայաստանին անհրաժեշտ չի, եւ այդ պատճառով Հայաստանն առայժմ չի վերցնում իրանական գազը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ գազատարը աշխատում է եւ պատրաստ է գործարկման, «պարզապես այսօր պահանջարկ չկա»: