Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ Է

Տնտեսություն

«Դոլար-դրամ փոխարժեքի անկառավարելի տատանումների հիմքում ընկած է ԿԲ- ի ղեկավարության ապաշնորհ քաղաքականությունը»: Այս իրողությունը «Ա1+»-ին տված հարցազրույցում հիմնավորեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ցույց տվեց այն ճանապարհը, ինչով կարելի էր խուսափել մեծ տրանսֆերտների՝ դոլարային մուտքերի դեպքում, դոլարի արժեզրկումից:

«Ասենք մի միլիարդ տրանֆերտ է մտնում. դու չպետք է թողնես, որ այդքան գումար մտներ շուկա ու դոլարի կուրսը իջներ. սա կոչվում է դոլարի, դրամի ստերիլիզացիա: Պետք է արժեթուղթ տպեին ու վաճառեին, եւ հարկ եղած դեպքում դիմեին քաղաքացուն. ասեին, օրինակ՝ 300 դոլարը 15 տոկոսով ինձ տուր, որպեսզի այդ գումարը շրջանառությունից հանես, ձեւավորես ռեզերվ, երկիրը զարգացնես, այսօրվա եկած ընթացիկ փողը ուղղես հեռանկարին, պրոբլեմը ցրես ժամանակի մեջ: Այսօր Տիգրան Սարգսյանը արժեթուղթ ծախում է, բայց դրամով, ինքը դրանով պակասեցնում է դրամը, էլ ավելի խորացնելով պրոբլեմը,-ասաց Հրանտ Բագրատյանը`շարունակելով,- Եթե ստերելիզացիա չես անում, տեղի է ունենում դրամի արժեվորում, դրա հետեւանքով իմպորտը մեծանում է, էքսպորտն անկում է ապրում: Երբ ժողովուրդը մեղադրանք ներկայացրեց Սարգսյան Տիգրանին, նա ասաց.«Ի՞նչ եք ասում, մեր էքսպորտն աճել, դարձել է 1 մլրդ 327 մլն դոլար»: Աբսուրդ»:

Հրանտ Բագրատյանն ընդհանրապես դժգոհեց Տրգրան Սարգսյանի վարած քաղաքականությունից. «ԿԲ-ն նրա համար է, որ կառավարի բանկեհջֆ եւ ներդրումային հիմնադրամներին: Այսօր ոչ մի բանկ բիզնես չի ֆինանսավորում, որովհետեւ բանկը որ քեզ ֆինանսավորի, քեզնից պետք է գրավ վերցի: Տիգրան Սարգսյանի օրենքներն են, դրանք այնքան խիստ են, 3 անգամ ավելի խիստ, քան դրսում: Դրա պատճառով Հայաստանում վարկավորման ծավալների ամենավատ ցուցանիշներն են:»:

Ըստ նրա` Տիգրան Սարգսյանի ապաշնորհ կառավարման ամենացայտուն օրինակն էլ ոսկու ռեզերվների վաճառքն էր. «Այն ժամանակ, երբ դոլարները գալիս են, մեզ խեղդում են, դրամն արժեվորվում է, թույլ տվեք ասել՝ անիմաստ տեղը,ու այս մարդը բռնում, ոսկու ռեզերվներն է վաճառում, երբ ոսկու գինը ամբողջ աշխարհում բարձրանում է: Ծախում է մի ապրանք, որի գինը բարձրանում է` ոսկի, առնում է մի ապրանք, որի գինը իջնում է ՝դոլար: Ու մեկը չի ասում. այ տղա, արի, մի 10 տարի գնա, նստի գոնե»: Մեր հարցին, թե ԿԲ նախագահը արդյոք չի՞ պատկերացնում, թե հասկանալով է անում, Բագրատյանը պատասխանեց՝ «Չի պատկերացնում, հետո որ ասում ենք, մտածում է, սկսում է հասկանալ ու մի երկու տարի հետո ուշացումով սկսում է անել:Պրոֆեսիոնալիզմի հարց է»:

ԻՆՖԼՅԱՑԻԱՆ ՑԱԾՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԶԱՄԲՅՈՒՂՆ Է ԱՐՀԵՍՏԱԿԱՆ

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ինֆլյացիայի ցածր տոկոսը: Այս հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ցածր ինֆլյացիա են ցույց տալիս, որովհետեւ նոր ծառայությունները սպառողական զամբյուղի մեջ չեն մտցնում. իսկ նոր ծառայությունները թանկ են: Օրինակ, 10 տարի ինտերնետը կա, միայն անցյալ տարի է մտել սպառողական զամբյուղի մեջ»: Կա նաեւ խնդրի մյուս մասը. «Հին ծառայությունները, որ արդեն չկան, չեն հանել զամբյուղից, օրինակ, էլեկտրատրանսպորտը. Հայաստանում էլ տրամվայ չկա, բայց զամբյուղում շարունակում է մնալ»:

Այսինքն, եթե 6 տոկոս գնաճն արհեստականորեն դարձնում ես 3 տոկոս, իսկ դա շատ հեշտ է անելը, դու արդեն արհեստականորեն 2 անգամ մեծացնում ես տնտեսական աճի տեմպը. «Ես համաձայն եմ, որ տնտեսական աճ կա, բայց ոչ թե վերջին 10 տարում 11, 2 տոկոս, այլ 6,4 տոկոս: Այսքան աճ կա: Բայց մենք վերջինն ենք տարածաշրջանում»:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՂ ԵՆ ԼՎԱՆՈՒՄ

Հրանտ Բագրատյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ շինարարության ծավալներին. «1995-2005 թվերին շինարարությունն աճել է 5,56 անգամ: Ցեմենտի արտադրությունը 300 հազար տոննայից դարձել է 600 հազար տոննա. աճել է երկու անգամ»: Սրանք ի դեպ, պաշտոնական վիճակագրության ցուցանիշներն են:

« 5,56 անգամն էլ շատ տարօրինակ է, որովհետեւ եւ 1998-ին, եւ 1996-ին, եւ 2005-ին կառուցվել է 2000 բնակարան: Ֆիզիկական ծավալը նույնն է, գուցե քաղաքի կենտրոնում է, թա՞նկ է: Բայց սա էլ պետք է չեզոքանար, դրա համար բանաձեւ կա»,- ասում է Հրանտ Բագրատյանը:

Բայց վերադառնալով ցեմենտի եւ շինարարության աճի տարբերությանը, պարոն Բագրատյանը հրավիրում է ուշադրություն. «Ստացվում է 6 անգամ շինարարությունն ես ավելացրել, իսկ ցեմենտը երկու անգամ. այսինքն, բոլորը անորա՞կ են, պետք է քանդվե՞ն, չնայած որ, իմ կարծիքով, այսօրվա շինարարությունն ավելի որակով է, որովհետեւ մոնոլիտ բետոն է, թեեւ ավելի լավը կարող էր լինել: Այո, աճել է շինարարությունը, բայց ոչ թե 6 անգամ, այլ երկու: Բլեֆ է: Եւ պատահական չի, որ սրանց աճը շինարարության, ծառայության եւ սպասարկման ոլորտում է: Արդյունաբերությունը անկում է ապրում»: Նկատենք, որ որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, նախկին իշխանության օրոք էլ շինարարության տեմպերը նույնն էին, բայց մենք չէինք տեսնում. «Ստացվում է, մենք՝ լիբերալներս, ավելի սոցիալիստ էինք, քան սոցիալիստները, որովհետեւ մենք նույնքան բնակարան էինք կառուցում՝ 2000 հատ, բայց Գյումրիում: Սա բացարձակ ճշմարտություն է, մի սիրեք Բագրատյանին, եղեք դաշնակ, բայց սա է ճշմարտությունը»:

Ի դեպ, Բագրատյանի տեղեկացմամբ, կառուցված 2000 բնակարանից 800-ն է վաճառվել, մնացած 1200-ը «դատարկ է»: Շինարարության 88, 4 տոկոսը Երեւանում է, այն էլ կենտրոնում. «Այսպիսի կոնցենտրացիա չկա: Բաքվում օրինակ Ադրբեջանի ամբողջ շինարարության 62 տոկոսն է, Թիֆլիսում 52 տոկոսը: Սրանք էլ վաստ ցուցանիշներ են, բայց մերը սարսափելի է»,- ասում է Բագրատյանը:

Նրա համոզմամբ, շինարարության մեջ փող են լվանում: Այլապես, պետք է հարկերը բարձր լինեին. «Շինարարության վրա հարկերը պետք է բարձր լինեն. շենք ես կառուցում՝ 10 տոկոս հարկ տուր, եթե Երեւանի կենտրոնում է` 30 տոկոս, եթե ծայրամաս է՝ 20 տոկոս, եթե Տավուշում է 0 տոկոս»: Ըստ նախկին վարչապետւ` սրանք ելքեր են, գործիքներ, որոնցով կարելի է արդյունավետ կառավարել տնտեսությունը: