Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

Մշակույթ

«Ռեպ, արենբի, տեխնո ոճերը ժամանակավոր բնույթ են կրում, մինչդեռ ժողովրդականն է համարվում պրոֆեսիոնալ արվեստ՝ մնայուն ու հարատեւ: Հետեւաբար՝ որքան էլ հայ երգիչ-երգչուհիները փորձեն իրենց ժամանակակից ոճերում, միեւնույն է՝ մենք մեր ակունքներից չենք կարող հեռու գնալ»,- այս կարծիքին է երգչուհի Նաիրա Ծատուրյանը, որը բացի այն, որ օպերային մեներգչուհի է, նաեւ իր ուժերն է փորձում էստրադային ժանրում:

Նաիրան ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորայի վոկալի բաժինն, այնուհետեւ՝ ասպիրանտուրան: Զուգահեռաբար պարել-երգել է «Մարաթուկ» ազգագրական խմբում, իսկ մանուկ հասակում երգել «Արեւիկ» մանկակական վոկալ-գործիքային անսամբլում:

Նրա ստեղծագործական կենսագրության անբաժան մասն են կազմում նաեւ ակադեմիական երգչախմբում մոտ 5 տարվա գործունեությունը, Հայաստանի պետական ժող.նվագարանների խմբի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ համատեղ համերգները Թեհրանում: Նշենք, որ այստեղ նա հանդես է եկել Մորցարտի 125- ամյակին նվիրված «Ռեքվիեմ»-ում: Նա հանդես է եկել նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Հասմիկ Հացագործյանը, տենոր Սուրեն Մկրտչյանը, բարիտոն Վահագն Հովենցի հետ:

Հետաքրքրվեցինք նրանից՝ արդյոք բազմաժանրությունը բացասաբար չի՞ ազդում ձայնի վրա: «Իհարկե, ձայնի դրվածքի առումով առհասարակ խնդիրներ առաջանում են, սակայն մի ժանրում սովորելիս մյուսն ավելի հանգիստ վիճակում եմ թողնում եւ փորձում եմ չերգել այդ ժանրում: Սակայն եթե կարողանում ես ինքդ քեզ, քո բերանի ապարատը կառավարել, ապա կարծում եմ խնդիր չի առաջանում: Մյուս կողմից էլ՝ եթե պրոֆեսիոնալ երգչուհի ես, ուրեմն պետք է կարողանաս բոլոր ժանրերում էլ հանդես գալ»,- ասում է Նաիրան:

Նա, ճիշտ է, այնքան էլ չի նախընտրում ժամանակակից ժանրերը, սակայն որոշակի ոճերի սինթեզ ցանկանում է կատարել՝ միայն թե ավելի ուշ: «Ռեպ, արենբի, տեխնո ոճերի մեջ, սակայն, դա հաստատ չի լինի, քանի որ դրանք իմը չեն: Ցավոք, հանդիսատեսը մի փոքր հեռու է այսօր դասական արվեստից, բայց, այնուամենայնիվ, փորձելու ենք նրան քիչ-քիչ մոտեցնել իր արմատներին՝ դասական եւ ժողովրդական երգ-երաժշտությանը: Մյուս կողմից էլ՝ մեր շոու բիզնեսը ենթարկվում է հանդիսատեսին, թեեւ ճիշտ հակառակը պետք է լիներ՝ արվեստը պիտի հանդիսատեսին գրավեր»,- վստահեցնում է նա:

Էստրադային այն ժանրում, որում այժմ Նաիրան ստեղծագործում է, դասականին շատ մոտ է: «Չեմ ների» երգի բառերի եւ երաժշտության հեղինակը Արայիկ Համբարձումյանն է: Երգն, ըստ Նաիրայի, ռոմանս է, բալլադա, որի թեման իրական կյանքից է եւ ունի շատ մելամաղձոտ հնչերանգ: «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք մեր էստրաայում չե՞ն գերակշռում նման տխուր երգերը, նա պատասխանեց, որ «հանդիսատեսի կողմից կար նման՝ իրական կյանքի մոտիվներով երգի պահանջարկ ու վերջ»:

«Դրա համար էլ փորձեցինք այդ ոճում: Թեեւ պահանջարկ լինել-չլինելու մասին երբեք չեմ մտածել, հանդիսատեսը թող դատի»,- ավելացրեց նա: Իսկ արդյոք հայ շոու բիզնեսում իրեն մրցակից տեսնո՞ւմ է` հարցին` Նաիրան պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում, քանի որ ես ունեմ իմ ասելիքը: ճիշտ է, մրցակցային դաշտը շոու բիզնեսում պետք է, բայց ես այն չեմ գտնում ինձ համար»,- նշում է երգչուհին: Հայ շոու բիզնեսի մասին նա փորձեց շատ խիստ չարտահայտվել՝ ասելով, որ «ամեն մեկն իր հնարավորության սահմաններում մի ինչ-որ բան անում է»: «Լավ է, որ այսքան երգիչ-երգչուհի ունենք, քանի որ այս դաշտում լավն ու վատը պիտի իրարից ջոկվեն, բոլորը լավը լինել չեն կարող լինել, բնականաբար: Ճիշտ է, կան ձայնեղ մարդիկ, բայց հենց այնպես երգել ես պարզապես չեմ ընդունում, քանի որ գոյություն ունի երգչական շնչառություն, դիագրաֆմա ասվածը, ապորա, որը ես գրեթե այսօր էլ չեմ նկատում»,- նկատում է Նաիրան:

Ըստ նրա՝ ժողովրդական արվեստում այսօր մեծ առաջընթաց կա: Դա է վկայում հատկապես այն, որ մի ժամանակ Կոնսերվատորիայի ժող.գործիքների բաժին գրեթե ընդունելություն չէր լինում: «Հիմա հատկապես դուդուկի բաժին ահռելի քանակությամբ են ընդունվում, ինչպես նաեւ առաջընթաց կա քանոնի, քամանչայի, ուդիի դասարաններում: Գոնե արդեն մեկ-երկուսն ընդունվում են, իսկ առաջ նույնիսկ ընդունելություն չէր լինում այս բաժիններում: Հիմա երեխաների մեջ կա ձգտում»,- նշում է Նաիրան: