«ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 22-րդ տուրը բավական գոլառատ ստացվեց: Կայացած 4 խաղում գրանցվեց դարպասի 18 գրավում:
Ամենագոլառատ հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Արարատը» 5:4 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Նշան Էրզերումյանը, սակայն «Գանձասարի» ֆուտբոլիստները ընդունած գոլից չընկճվեցին եւ քիչ անց ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ 19-րդ րոպեին Պաունեսկուի շնորհիվ արդեն առաջ անցան հաշվի մեջ:
Մինչեւ ընդմիջում Վահագն Մինասյանին հաջողվեց խփել պատասխան գնդակը: 56-րդ րոպեին Նշան Էրզերումյանը կրկին առաջ մղեց «Արարատին», իսկ փոխարինման մտած Գեւորգ Նռանյանը 83 եւ 85 րոպեներին ամրապնդեց արարատցիների հաջողությունը հաշիվը դարձնելով 5:2: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Գանձասարին» հաջողվեց 2 գնդակ խփել եւ կրճատել հաշվի տարբերությունը: Այսպիսով` «Արարատը» 4 անհաջող հանդիպումներից հետո վերջապես հաղթանակ տոնեց եւ կրկին հնարավորություն ստացավ պայքարել արծաթե մեդալների համար:
Առաջատար «Փյունիկը» Աբովյանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուլիսի» դարպասը, որը վերջին շրջանում հաջող էր հանդես գալիս, սակայն չեմպիոնի հետ հավասար պայքար մղել չկարողացավ: «Փյունիկի» կազմում աչքի ընկան Լեւոն Պաչաջյանը, Ֆելիքս Հզեյնան եւ Վարդան Պետրոսյանը:
Փոխչեմպիոն «Բանանցը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: Ի դեպ, «Բանանցը» 40-րդ րոպեին մնաց 10 հոգով, քանի որ թիմի ավագ Եղիշե Մելիքյանը «օդի մեջ» հայհոյելու համար կարմիր քարտի արժանացավ: Սակայն դա էլ չխանգարեց «Բանանցին» վստահորեն հաղթել գյումրեցիներին:
Աշտարակի «Միկան» 3:1 հաշվով առավելության հասավ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ, որի համար սա հերթական պարտությունն էր: