Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
2019 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը: 230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակներն են պորտուգալական Atelier B2 ընկերությունը (Ժոզե Բրանդեու) և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում: 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թ.-ին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդ՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Կուտինայի հախճապակյա թաս (XVIII դ.)՝ ձեռք բերված Գալուստ Գյուլբենկյանի կողմից 1922 թ.-ին: Մարման միջոցառման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին: Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Թողարկման օրը` 26 մարտի 2019թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան (Հայաստան), Atelier B2 ընկերություն (Պորտուգալիա) Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 40,0 x 30,0 մմ Տպաքանակը՝ 40 000 հ. x 2 «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ