Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՑԻՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ԲԵՐՔԸ ՓՉԱՑՆԵԼ

Մարզեր

Արարատյան դաշտի հարյուրավոր հեկտար բարեբեր հողեր անմշակ են: Դրանց մի մասի տերերը Հայաստանում չեն, տերերի մի մասին էլ հող մշակելը ձեռնտու չէ:

«Անցած տարի 2 հա ձմերուկ էի ցանել: Ամբարտակը քանդվել էր, ոռոգման համար ջուր չեղավ, բերք չստացա : Այս տարի էլ Արազն ափերից դուրս եկավ ու լցվեց ամբողջ դաշտը եւ նոր ցանած սերմերը տարավ: Պետությունից ոչ մի փոխհատուցում ոչ այս տարի, ոչ էլ նախորդ տարի չեմ ստացել»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Սմբատ Կարապետյանը,որը

4 անչափահաս երեխա ունի: Նրա երիտասարդ ընտանիքը հողերն ու տունը գրավ է դրել, բանկից վարկ է վերցրել եւ պատրաստվում է Եվրոպա մեկնել:

Այս տարի Արտաշատի պահածոների գործարանը քչերի հետ է պայմանագիր կնքել, չնայած բերքը հանձնելու համար մի քանի ժամ, նույնիսկ մի օր հերթ են կանգնում:

«Առ այսօր բերքը չեմ հանձնել գործարան, որովհետեւ տրակտորի վարորդը պոմիդորը 3 կմ տեղափոխելու համար 8000 դրամ է ուզում: Բացի այդ, մինչ օրս էլ կան մարդիկ, որ գործարանից փող չեն ստացել: Ավելի լավ է բերքը դաշտում փչանա, քան ձմռան ցրտին մեկ ամիս շարունակ ամեն օր հերթ կանգնենք փող ստանալու համար»,-բողոքեց գյուղացի Լեւոն Ներսիսյանը:

Գյուղացիներն ասում են, որ խաղողի բերքահավաքին նույնիսկ այդ գնով տրակտոր գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ վարորդները նախըտրում են 15 000 դրամով խաղողը գործարաններ տեղափոխել: Արդյունքում` մարզի բնակիչների մասը ոչ թե իր հողամսն է մշակում, այլ օրավարձով աշխատում է մի քանի հա հողատարածք ունեցող համագյուղացիների համար:

Սեդա ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

ուսանող