Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՏՐՈՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ ՆԱ Է, ՈՎ ՇԱՏ ՓՈՂ ՈՒՆԻ

Մշակույթ

«Հայ թատրոնն այսօր համահունչ չէ իմ քայլվածքին, ռիթմին: Ես ասելով` նկատի ունեմ ներկա ապրող հանդիսատեսին: Այսօր հեռուստատեսությունը նույնիսկ իր անորակ արտադրանքով ավելի մեծ առաջընթաց ունի, քան թատրոնը: Այսօրվա թատրոնը պետք է լինի մեր բոլորի առօրյան` հեռուստացույցը փոխարինող, փշրող, հերքող մի տարածք, որտեղ գալիս ես զրուցելու ինքդ քեզ հետ, այլ ոչ թե անցյալի հետ»,- կարծում է դերասան Միքայել Պողոսյանը:

Թատրոնի ներկա վիճակի մասին գրեթե նույն կածիքին են նաեւ հայ շատ ռեժիսորներ ու դերասաններ: Հայաստանում թատրոններ հիմնականում կենտրոնացած են Երեւանում, իսկ ներկայացումները դասական հեղինակների ստեղծագործություններն են, որոնք այնքան էլ համահունչ չեն այսօրվա իրականությանը: Հայ թատրոնի գործիչներին այս իրավիճակը չի գոհացնում, եւ նրանք փորձում են թեկուզ իրենց ուժերով որեւէ լուծում գտնել: Օրինակ՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով հայ թատրոնն այսօր ժամանակակից իսկական հերոսի պակաս ունի, որին ժողովուրդը կհետեւեր, որից բան կստանար, կսովորեր: «Կարծում եմ՝ այդ հերոսներն, այնուամենյանիվ, կգտնվեն: Նրանք ոչ թե պետք է լինեն այսօրվա օլիգարխները, որոնց մենք այսօր հերոս ենք դարձնում, քանի որ, ցավոք սրտի, այսօր հերոս է համարվում նա, ով շատ փող ունի: Իսկ հերոսը նա է, ով կարող է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի եւ տաղանդավոր մարդ է»,- համոզված է ռեժիսորը: Ըստ նրա՝ այսօրվա երիտասարդն ավելի լավ կճանաչի Թաթային կամ Արմենչիկին, քան ասենք՝ աշխարհահռչակ աստղագետ, գիտնական Գուրզադյանին: «Երկրորդականներին հաստատ ճանաչում են: Այստեղ է պետք վերականգնել չափանիշները ու արժեքները մեր երկրում, որ արվեստն իսկապես դառնա արվեստ»,- ասում է Նիկոլայ Ծատուրյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի կարծիքով էլ հայ թատերական միտքն ազատագրման կարիք ունի: Մանավանդ դա վերաբերում է այն արվեստագետներին, որոնք իսկապես տաղանդավոր են եւ ինչ-որ բան են ցանկանում անել թատրոնի զարգացման համար: «Նրանք այսօր կաշկանդված են եւ ինչ-որ տեղ վախենում են: Օրինակ՝ նույն պիեսը ես բեմադրում եմ եւ այստեղ, եւ արտասահմանում: Այնտեղինի համար ասում են է՝ հա, դե դա լրիվ ուրիշ էր: Պատճառն այն է, որ օրինակ՝ այնտեղ ես դերասանուհուն կարող եմ այնպիսի խնդիրներ տալ, որ նա զարմացած չի նայի: Այստեղ արդեն ինքդ քեզ թույլ չես տա դա անել, քանի որ մեր պարագայում պետք է ամեն ինչ անել արվեստի չափանիշների սահմաններում, որ բանը չհասնի գռեհկության: Արտերկրում ես ազատ եմ, քանի որ ինքս ընկնում են նրանց հոգեբանական դաշտը, դրա համար էլ պիեսն ավելի հաջող է ստացվում»,- վստահեցնում է Հակոբ Ղազանչյանը:

Ինչ վերաբերում է թատերական կյանքին, ապա այսպիսի կարծիքներ հնչեցին. «Պատկերացրեք հասունացած մի կին ու տղամարդ, որոնց ցանկություններն ավելի շատ են, քան հնարավորությունները: Մեր թատրոնն այդ ճգնաժամի մեջ է: Մեր բեմի մեծերին այսօր պետք է տալ իրենց արժանվույն շքանշանները, արժանիքները, մեդալները եւ ասել նրանց՝ եկեք ձեր պատվանդամը զիջեք ավելի երիտասարդ, ռիթմը զգացող երիտասարդ ստեղծագործողներին»,- կոչ է անում Միքայել Պողոսյանը:

«Մեր թատերական կյանքն առայժմ կաղում է, բայց հույս ունեմ, որ այն կլավանա, հանդիսատեսը կսկսի գալ թատրոնը: Մենք պետք է փնտրենք ու գտնեք նոր, ավելի հետաքրքիր պիեսներ, ֆորմաներ, որոնք ավելի համահունչ կլինեն եվրոպական եւ այլ երկրների թատրոններին»,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: