Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ, ՆՈւՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել է սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրական մրցավեճին, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը «Ա1+»-ին այսօր հայտնեց, որ ազգային թիմում կադրային որեւէ խնդիր չկա.«Բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են հանդիպմանը»: Մինչ այդ տեղեկություն կար, որ վնասվածքի պատճառով կարող են հանդիպումը բաց թողնել Կարեն Դոխոյանը եւ Արթուր Ոսկանյանը, սակայն բժիշկների հաջողվել է ապաքինել նրանց: Այսպիսով` Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի խաղադաշտ դուրս գալ նույն այն կազմով, որը օգոստոսի 22-ին 1:1 հաշվով ավարտեց Պորտուգալիայի հետ մրցավեճը, իսկ մինչ այդ մի փոքր այլ կազմով 1:0 հաշվով հաղթեց Լեհաստանին:

Պորտուգալացիների հետ մրցավեճում Հայաստանը խաղադաշտ դուրս եկավ Բերեզովսկի, Հովսեփյան, Արզումանյան, Թադեւոսյան, Մկրտչյան, Պաչաջյան, Ոսկանյան, Առաքելյան, Քարամյան, Մխիթարյան, Մելքոնյան կազմով: Այս խաղացողները այժմ եւս պատրաստ են դուրս գալ խաղադաշտ, սակայն հավանական է, որ այնուամենայնիվ հավաքականի մարզչական շտաբը 1-2 փոփոխություններ կատարի:

Հավաքականի դարպասը ինչպես միշտ կպաշտպանի Ռոման Բերեզովսկին, որը ներկայումս հիանալի մարզավիճակում է եւ նախորդ կիրակի Ռուսաստանի առաջնությունում դարձավ ամենաշատ 11 մետրանոց ետ մղած դարպասապահը: Պաշտպանությունում անկասկած հանդես կգան Սարգիս Հովսեփյանը եւ Ռոբերտ Արզումանյանը: Եվս 2 հոգի նանց կարող են միանալ Ալեքսանդր Թադեւոսյանը, Եղիշե Մելիքյանը, Կարեն Դոխոյանը եռյակից: Վերջին հանդիպումներում Դոխոյանը դուրս է մնացել հիմնական կազմից եւ բացառված չէ, որ այս անգամ եւս հանդիպումը սկսի պահեստայինների նստարանից: Համենայնդեպս 2006թ. հոկտեմբերին կայացած Սերբիա - Հայաստան խաղում հավաքականի մեր ընտրանու պաշտպանությունը խիստ անհաջող հանդես եկավ Հովսեփյան-Արզումանյան-Դոխոյան-Մելիքյան կազմով: Թեեւ միայն պաշտպաններին մեդադրելը սխալ է, քանի որ կիսապաշտպանությունը եւս իր բարձրության վրա չէր, իսկ հարձակման գիծ ընդհանրապես չկար:

Կիսապաշտպանությունում վերջին հանդիպումներում իրեն հիանալի դրսեւորեց Արարատ Առաքելյանը, որի հետ կենտրոնում կհամագործակցի թերեւս Արթուր Ոսկանյանը: Կիսապաշտպանության եզրերում ներկայումս անփոխարինելի են Արտավազդ Քարամյանը եւ Լեւոն Պաչաջյանը:

Հարձակման գծում հավանաբար հանդես կգան Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Մելքոնյանը, թեեւ այս ֆուտբոլիստներին «մաքուր» հարձակվող անվանել չի կարելի: