Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ «ՓՅՈւՆԻԿԻՑ» Է ԿԱԽՎԱԾ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրից հետո չեմպիոնության համար պայքարը բորբոքվեց նոր ուժեղ: «Բանանցը» 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի կարծիքով իր սաները հերթական հիանալի հանդիպումը անցկացրեցին. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես են իմ ֆուտբոլիստները գործում խաղադաշտում: Պաշտպանությունում մենք շատ գրագետ գործեցինք: Կարող եմ գովել նաեւ դարպասապահին: Կիսապաշտպանությունում մի փոքր անվստահ էինք խաղում առաջին 20-25 րոպեներին, սակայն հետագայում ամեն ինչ կարգավորեցինք»:

«Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միհիչը բնականաբար գոհ չէր գրանցված արդյունքից. «Ես դժգոհ եմ միայն խաղի արդյունքից: 2 անգամ տակտիկական սխալներ թույլ տվեցինք եւ պարտվեցինք»:

Կապանում «Գանձասարը» 0:0 հաշվով ավարտեց «Փյունիկի» հետ, որի գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցը թիմի հետ չէր, քանի որ 19 տարեկանների հավաքականի հետ գտնվում էր Լիտվայում:

Գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Վարդան Մինասյանը, որի կարծիքով դա հանդիպման տրամաբանական ելքն էր. «Հավասար խաղ էր եւ գրանցված արդյունքը միանգամայն տրամաբանական է: 1-ին կեսում մենք ունեինք դարպասը գրավելու պահեր, իսկ 2-րդ կեսում արդեն «Գանձասարը» կարող էր հաջողության հասնել»: Այ հարցին թե ինչ է պատճառը, որ «Փյունիկը» վերջին 3 հանդիպումներում չի կարողանում գրավել մրցակիցները դարպասը Մինասյանը ասաց. «Թերեւս դա կարելի է բացատրել ֆուտբոլիստների մոտ առկա հոգնածությամբ:

Մեր թիմի կազմում մեծ թիվ են կազմում հավաքականների թեկնածուները, որոնք հագեցած խաղացանկով են ելույթ ունեցել: Բացի այդ, կոնկրետ «Գանձասարի» հետ խաղում կադրային խնդիրներ ունեինք: Խաղադաշտում չէին Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Ֆելիքս Հզեյնան, Հենրիխ Մխիթարյանը, իսկ Արսեն Ավետիսյանը վնասվածքով էր հանդես գալիս»: Վաղը «Փյունիկը» հետաձգված հանդիպում է անցկացնելու «Միկայի» հետ, որում անհաջողության մատնվելու դեպքում այլեւս չեմպիոնի գլխավոր հավակնորդ չի համարվի. «Առաջնության ավարտին քիչ ժամանակ է մնացել, սակայն ամեն ինչ մեզանից է կախված: Եթե հաղթենք մնացած հանդիպումներում, կպահպանենք չեմպիոնի կոչումը»:

Աշտարակի «Միկան» վերջնականապես զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: Արկադի Անդրեասյանի սաները 0:0 հաշվով ավարտեցին «Ուլիսի» հետ հանդիպումը: Վերջինիս գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը ընդգծեց, որ նախքան հանդիպումըն ֆուտբոլիստների հետ լուրջ հոգեբանական աշխատանք է տարվել. «Անհրաժեշտ էր պահպանել այս միկրոհաղարշավից հետո ստեղված մարտական ոգին, որը շատ կարեւոր հանգամանք էր: Թեեւ «Միկային» թթվածնի պես միավորներ էին անհրաժեշտ, իսկ «Ուլիսը» մրցաշարային աղյուսակում այլեւս խնդիրներ չի լուծում, սակայն մենք կազմ ու պատրաստ էինք այս հանդիպմանը: Կողմերը ոչ հաճախ էին գոլային պահեր ստեղծում, բայց կարծում եմ հանդիպումը դիտարժան էր: Պետք է նշել նաեւ, որ առաջ երբ մենք առաջնության շրջանակներում ուժեղ թիմերի դեմ էինք պայքարում մեր ֆուտբոլիստները խուճապի էին մատնվում, իսկ այս խաղում նման բան չկար եւ մենք հանգիստ հանդիպումը ավարտեցինք խաղաղ ելքով»: