Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎԱՆԴԱԼԻԶՄ ԷՐ»

Մարզեր

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրահանգով հոկտեմբերի 26-ին հատվել են քաղաքի Անկախության հրապարակի յոթ եղեւնիները:

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանը այդ եղեւնիների հատման կարգադրությունը հիմնավորում է այն հանգամանքներով, թե դրանք փակում էին հրապարակի շենքերը, եւ նման որոշում կայացնելուց առաջ ինքը խորհրդակցել է քաղաքի գլխավոր նկարչի, գլխավոր ճարտարապետի, քաղաքաշինության բաժնի մասնագետների եւ ավագանու հետ, եւ, ի վերջո, այդ ծառերը հատելու համար կայացվել է Գյումրու ավագանու որոշումը: Գյումրիի մի խումբ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ իրենց բողոքի ձայնն են բարձրացել` համամիտ չլինելով այդ հիմնավորման հետ, մանավանդ որ. «Գյումրու Անկախության հրապարակի եղեւնիները ոչ թե վնասում էին հրապարակի տեսքին, այլ զարդարում էին այն, դրանք ոչ թե ծերացած ծառեր էին, այլ` երիտասարդ»:

«Տարրական ճշմարտութուն է, որ քաղաքում, այն էլ քաղաքի կենտրոնական հրապարակում դեկորատիվ բուսականությունը, այս դեպքում եղեւնիները, ճարտարապետական լուծումների բաղադրիչ են, դրանք չի կարելի դիտել ճարտարապետությունից ու` քաղաքաշինությունից անջատ: Հենց այս մեկնաբանությամբ էլ դրանք 40 տարի առաջ տնկվել էին Գյումրու ամենագեղեցիկ հրապարակներից մեկում: Դրանք անգամ չէին կտրվել 1992-94 թվականների էներգետիկ ճգնաժամի տարիներին, ոչ մեկի ձեռքը չէր բարձրացել այդ եղեւնիների վրա: Այդ եղեւնիները մեր քաղաքի պատմության մի մասն են, եւ ոչ ոք բարոյական իրավունք չուներ դրանք կամայականորեն հատել, այնպես, ինչպես իրավունք չունի մտմտալ կամ երազել քաղաքի մյուս եղեւնիները հատելու մասին: Բոլորովին այլ կլիներ մեր դիրքորոշումը, եթե այդ ծառերը օբյեկտիվորեն խանգարեին ճանապարհային հաղորդակցությանը, քաղաքի հանրային կարիքների սպասարկմանը: Բայց, այս դեպքում, որեւէ տրամաբանական ու բարոյական արդարացում չկա օրը ցերեկով 40-ամյա երիտասարդ եղեւնիների հատմանը:

Այս հայտարարությամբ մենք մեր տարակուսանքն ենք հայտնում ծառահատման ականատես գյումրեցիների կրավորական ու անտարբեր պահվածքի նկատմամբ. նրանցից ոչ մեկը չի համարձակվել բռնել իրենց պարտականությունները ,սրբորենե կատարող ,փայտահատներիե ձեռքը: ,Փայտահատներնե իրենց գործողությունները մեկնաբանում են որպես ավագանու որոշման իրականացում ու չեն էլ ուզում անձնական պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար: Կարծում ենք` նրանք իրենց դռան առջեւի ծառերը ոչ մի դեպքում չէին հատի, եթե անգամ համանման հրաման կամ ավագանու որոշում լիներ:

Մենք համարում ենք, որ ավագանու որոշմամբ (30.10.2007թ-ի դրությամբ այն դեռ չի հրապարակված քաղաքապետարանի պաշտոնական www.gyumricity.am կայքում) եւ քաղաքապետի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքի առանց այդ էլ աղքատիկ կանաչ տարածքներին հասցվել է նշանակալի վնաս, ծառերի հատման հարցում քաղաքային իշխանությունները արհամարհել են քաղաքի բնակիչների կարծիքը. կենտրոնական հրապարակներից մեկի եղեւնիների հատումը բենզինի գնում կամ կարիքավորին դրամական օգնության տրամադրում չէ:

Մենք պահանջում ենք քաղաքապետից եւ ավագանու` ծառահատման որոշմանը կողմ քվեարկած անդամներից իրենց անձնական միջոցներով հատուցել քաղաքին հասցված վնասը: Մասնավորաբար, իրենց անձնական միջոցներով գնել, արմատներով հանել եւ Գյումրու անկախության հրապարակում վերատնկել 20-30 տարեկան եղեւնիներ եւ վերացնել վանդալիզմի հետքերը: Եղեւնիների հատման հեղինակներն, իհարկե, ազատ են քաղաքին հասցված վնասը փոխհատուցել քաղաքի համար շահեկան որեւէ այլ ձեւով:

Մենք ծառերի հատման նախաձեռնողներից ու որոշում կայացնողներից առաջիկա 30 օրերի ընթացքում ակնկալում ենք համարժեք արձագանք` այս բողոքի հայտարարության եւ քաղաքին հասցված վնասի հատուցման վերաբերյալ, պատրաստ ենք նրանց կամ նրանց ներկայացուցիչների հետ քննարկել այս խնդիրն ու լուծման հնարավոր բոլոր տարբերակները»,-ասվում է հայտարարության մեջ: