Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՊԱՆՔԱՐԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ

Մարզեր

Ընդամենը ութ տարի առաջ Մարտունի քաղաքի շուկայի դիմաց գտնվող տարածքում կար պարսկերեն եւ հայերեն արձանագրությամբ երեք տապանաքար: Այսօր 15-րդ դարի երեք արժեքավոր հուշարձաններից երկուսն անհետացել են, իսկ վերջինն էլ կանգնած է կործանման եզրին:

Անհետացած տապանաքարերի մասին տարածքի բնակիչներից ոմանք ասում են, որ ինչ-որ մեկը հարեւաններից վաճառել է հնությունները պարսիկներին 100$-ով, ոմանք էլ՝ որ դրանք կոտրվել են եւ օգտագործվել շինարարության մեջ: Վերջին տապանաքարը տարածքում տարբեր շինարարական աշխատանքների պատճառով շարունակաբար տեղաշարժվում է եւ արդեն մոտ 30 մետր հեռու է գտնվում իր սկզբնական դիրքից: Անընդհատ տեղաշարժվելու հետեւանքով քարի եզրից մի զգալի մաս պոկվել է:

«Երկու տապանաքարերը անհետացել են մինչեւ իմ աշխատանքային պարտականություններին անցնելը, եւ ես դրա համար պատասխանատու չեմ, իսկ երրորդը գտնվում է տարածքի տիրոջ անձնական հսկողության տակ»,- ասաց Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը:

Պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի ՊՄՊ ծառայությունը պայմանագրեր է կնքում տարբեր անհատների հետ, որոնք հենց ուղիղ իմաստով դառնում են հուշարձանների «տերն ու տնօրենը». իբրեւ այդպես ավելի հեշտ է դառնում ծառայության աշխատանքը:

Իսկ օրենքի համաձայն՝ հուշարձանն իր տարածքով համարվում է երկրի սեփականությունը, եւ ցանկացած փորձ, կապված տարածքի առք ու վաճառքի հետ , համարվում է ապօրինի:

Անուշ Շահումյան

Մարտունի