ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ «ՏԱԿ ԵՆ ՏԱԼԻՍ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ինչպես բացատրեմ, թե ինչո՞ւ է դոլարը դառնում աղբ: Դա կազմակերպողները կարող են ասել: Կարծում եմ` չի բարձրանա առայժմ, քանի որ ոչ մի տարի դեկտեմբերին դոլարի գին չի բարձրանում: Իսկ ավելի ընկնելու առումով կարող եմ ասել` ինչպես կուզենան վերեւներում,այսինքն` այդ թելերը շարժող մարդիկ»,- «Ա1+»-ի հետ զրույցում կանխատեսեց Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը:
Ըստ վաճառականների միության նախագահի` դոլարի կուրսի այս տատանումները եւ անկումն առաջին հերթին վնասում է տեղական արտադրողներին: Ցոլվարդ Գեւորգյանի համար տարօրինակ է այն, որ ներկրված ապրանքները, որոնք «էժան դոլարով գնված» ապրանքներ են եւ տեղում պետք է էժանանան, ավելի թանկանում են:
«Օրինակ, այն ժամանակ դոլարը 500 դրամ էր, մեզ մոտ բենզինը, սալյարկան այդ նույն գնի էին, այսօր դոլարը կես գին է դարձել` 300 դրամ, վառելանյութը մնացել է նույն գինը: Իսկ ամբողջ շուկան կախված է վառելանյութի գնից,- նկատեց Ցոլվարդ Գեւորգյանը,-Ամենաահավորն այն է, որ ապրանքների գներն անընդհատ բարձրանում են, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ գնված ապրանքը վաղը ավելի թանկ արժե դրսի վաճառքը, քան որ նա վաճառել է իր վերադիրը հետը հաշված»: Իր ասածներն ավելի հիմնավորելու համար` նա բացատրեց. «Ենթադրենք` շաբաթը մեկ, երկու շաբաթը մեկ Կալինինոյից, Կարմիրից գալիս են ապրանք գնելու: 100 դոլարի ապրանք պետք է գնի, 110 դոլարով վաճառի, իր շահույթն էլ հետը կունենա 110 դոլար: Հաջորդ անգամ այդ 110 դոլարին կարող է գնել ընդամենը 70 դոլարի ապրանք, այսինքն` մեկ քառորդով կրճատվում է այն ապրանքի քանակը, որ նա ի վիճակի էր գնել առանց շահույթ ունենալու: Կրկնվում է, կրկնվում է եւ ի վերջո սնանկացման եզրին է կանգնում վաճառականը»: Դրամի նկատմամբ դոլարի միանգամից թռիչքը, վաճառականների միության նախագահի կարծիքով, եւս կվնասի ժողովրդին:
«Այս անգամ ներկրողների վրա ազդեցություն կունենա: Ներկրողները օգտվում էին դոլարի ցածրությունից: Երկրի ներկրման եւ արտահանման բալանսը շատ կարեւոր է երկրի տնտեսության զարգացման համար: Արտահանումը երկրին վալյուտա է բերում, իսկ ներկրումը վալյուտա է տանում: Ինչքան շատ ներկրում ունենանք, այնքան ավելի վատ կանդրադառնա երկրի տնտեսության վրա»,- ասաց Ցոլվարդ Գեւորգյանը:
Այնուամենայնիվ. «Եթե դոլարը բարձրացավ, արտադրողի վիճակը կլավանա, բայց դա պետք է կամաց-կամաց լինի, որ ազդեցությունը շատ ցավոտ չլինի ժողովրդի համար: Մարդիկ 260-270-ի կուրսով հանձնել են իրենց 100 դոլարը 27 000 դրամով, իսկ հիմա եթե դառնա 40 000 դրամ, փաստորեն, մարդը իր 27 000-ով կգնի 60 դոլար, այսինքն` կկորցնի գումար: Մեր երկրի վատը նրանում է, որ անկանխատեսելի է, չգիտես, թե առավոտ արթնանաս, ինչ կլինի: Ծրագրավորված, նախատեսված փոփոխությունները բոլոր երկրնում էլ կա, սակայն այսքան արագ, հաճախակի տատանումներ ոչ մի երկրում չկա»:
Իսկ դա բխում է նրանից, որ, ըստ Ցոլվարդ Գեւորգյանի, մեր ժողովուրդը իր իրավունքները չի կարողանում պաշտպանել:
«Տրանսֆերտները, որ ստանում ենք դրսից, փոքր գումարներ չեն: Մարդը թողնում է իր բարեկեցիկ տունը, ընտանիքը եւ գնում է ցրտին աշխատում է հեռավոր երկրում, գումարներ ուղարկում: Առաջ եթե 100 դոլար ուղարկում էր, ընտանիքը կարողանում էր 15 օր յոլա գնալ: Իսկ հիմա ընդամենը 5-6 օր: Այստեղ ընտանիքն է սոված մնում, այնտեղ նա ավել աշխատանքի ի վիճակի չէ, այդտեղից էլ ծագում է ընտանիքնների խռովության, բաժանությունների եւ այլ հարցեր»,-վերջում իբրեւ բոլորին մտահոգող փաստ ավելացրեց Ցոլվարդ Գեւորգյանը: