ՀԲ-Ն ՏՈՒԺՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՓոխարժեքի անկառավարելի տատանումներից տուժում է ոչ միայն ներքին սպառման շուկան, այլեւ բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր՝ հատկապես նրանք, որոնք արդեն ընթացքի մեջ են: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից այս պահին ընթացքի մեջ են ավելի քան 17 ծրագիր, որոնք ԱՄՆ դոլարի արժեզրկումից բավականին շատ են տուժում:
ՀԲ հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Վիգեն Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենց ծրագրերի վրա փոխարժեքի այս անկանոն տատանումներն ազդում են եւ ՀԲ-ն, բնականաբար, տուժում է: «Տվյալ դեպքում, սակայն, բոլորս ենք տուժում, քանի որ դրանք վարկեր են, որոնք Հայաստանը վերցնում է եւ բնական է, որ ներկա այդ գումարով ավելի քիչ ծրագիր կկարողանաս իրականացնել, քան պլանավորել ես: Այսինքն՝ այդ խնդիրը կա, եւ դա մեր բոլոր ծրագրերի վրա ազդում է.,- ասում է Սարգսյանը:
Կառավարել կամ ազդեցություն ունենալ ԱՄՆ դոլարի կուրսի վրա ՀԲ-ն չի կարող, քանի որ հիմնականում հիմնվում է այն ամենի վրա, ինչ տրամադրում է ՀՀ Կենտրոնական բանկը: Եթե դոլարի կուրսը մեկ իջնում, մեկ բարձրանում է, ապա, ըստ Սարգսյանի՝ այս դեպքում անիմատ է դառնում որեւէ քայլ ձեռնարկելը: Անիմաստ է դառնում նաեւ սպասելը եւ ծրագրերը դադար տալը: «Այս ամենին չկա լուծում ի՞նչ անենք, ի՞նչ քայլեր ձեռնարկել տվյալ դեպքում, եթե կուրսն անընդհատ ընկնում է: Չենք կարող ծրագրերը դադար տալ եւ սպասել մի քանի տարի, թե երբ ամեն ինչ կկարգավորվի: Արդեն երեք տարի է՝ կուրսը ընկնում է. ինչի՞ն դադար տանք»,- ասում է Վիգեն Սարգսյանը: