«ՖՐԱՆՍՈՒՀԻՆԵՐԸ ԿԵՐԱԶԵՆ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՔԱՐԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ-ում դրամի նկատմամբ դոլարի տատանումները տեղի են ունենում ՀՀ նախագահի եւ ԿԲ-ի նախագահի հանցավոր համաձայնությամբ»,- «Ա1+»-ին իր տեսակետը հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով դոլարի տատանումների ընդամենը 20 տոկոսն է կապված Համաշխարհային շուկայի հետ.
«Չէ՞ որ մեզ մոտ արժեզրկվում է նաեւ եվրոն, ֆունտ-ստերլինգը, ռուսական ռուբլին եւ այլն: Այսինքն` ՀՀ-ում գոյություն չունի դոլարի խնդիր: ՀՀ-ում գոյություն ունի դրամի խնդիր: Դրա պատճառ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային ադեկվատ քաղաքականության բացակայությունն է»:
Ինչ վերաբերում է այն բացատրություններին, թե դրամն այսօր գնալով կայունանում է, ապա Հրանտ Բագրատյանն ասաց. «Դա հիմար հայտարարություն է: ՀՀ-ում այլեւս չկա տնտեսություն: Հայաստանը դարձել է կախված ներմուծումներից, դրսից եկող փողերից: Որեւէ իմաստ չունի երկարաժամկետ զարգացումների հետ հույս կապելը: ՀՀ տնտեսական դաշտում բիզնեսմենները բաժանվել են այն սկզբունքով, թե որ բիզնեսմենին ներմուծումների մեջ ինչ քվոտա է տրվել: Հայաստանում որեւէ մեկը չի մտածում արտադրության մասին»:
Բագրատյանը նշեց, որ երկրում պետք է 300 տոկոս շահութաբերություն լիներ, որպեսզի դոլարը արժեզրկվեր 2 անգամ: Պարոն Բագրատյանը վստահ է, որ Կենտրոնական բանկը շատ լավ հասկանում է, թե իր կողմից վարվող քաղաքականությունը ինչպիսի վտանգի առաջ է կանգնեցնում երկիրը, դեռ ավելին. «ԿԲ-ն ինքն է նախագահին ու վարչապետին համոզում, որ այդ քաղաքականությունը ամենից ճիշտն է, որովհետեւ բոլորն էլ փողեր են աշխատում այս հարցում: ԿԲ-ն ասում է` տեսեք ապրանքների գներն են համեմատաբար քիչ բարձրանում, աշխատավարձերը բարձրանում են, մենք դառնում ենք սպառող հասարակություն»: Իսկ թե ինչու դոլարի արժեզրկումից հետո դոլարով ներմուծվող ապրանքների գները Հայաստանում համապատասխանաբար չեն իջնում` «Ա1+»-ի հրացին` Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Այն պարզ պատճառով, որ Հայաստանում ամեն ինչ մենաշնորհված է: Մեզ մոտ այսօր 1կգ շաքարավազն արժե 1 դոլար, իսկ 4 տարի առաջ այն արժեր 30 ցենտ: Շաքարավազի 1 դոլար գինը աշխարհում լուրջ արժեք է, իսկ երկրի նախագահն ու ԿԲ-ն թքած ունեն երկիր զարգացման վրա: Նրանք մտածում են միայն իրենց անձնական շահի մասին»:
Հրանտ Բագրատյանը համարում է, որ իշխանությունները դեռ կարող են ձգել դոլարի տատանումները, սակայն դա անվերջ լինել չի կարող. «Պատկերացնո՞ւմ եք, ասենք, մեզ մոտ հավաքարարը ստանում է 30 հազար դրամ, կարող է ստանալ 300 հազար դրամ: Աշխարհի տարբեր ծայրերից կգան Հայաստան եւ հերթ կկանգնեն` հավաքարար աշխատելու համար: Այսինքն` իշխանությունների քաղաքականությունը անվերջ չի կարող լինել: Զավեշտական չլինելու համար, ասեմ, որ եւս մի կես տարի դրամը կարժեւորվի, հետո բոլորը կհասկանան, որ Հայաստանում չկա տնտեսություն: Հայաստանում ամեն ինչի գինը կգերազանցի համաշխարհային գները եւ դրանից հետո դրամը միանգամից կարժեզրկվի»:
Նրա կարծիքով իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվելու դեպքում Հայաստանում այլեւս իմաստ չի ունենա ոչինչ անել. «Ասենք, անիմաստ կլինի Հայաստանում տուն գնել, քանի որ այդ գումարով հնարավոր կլինի տուն գնել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում: Հայաստանում գները կարող են այնքան բարձրանալ, որ ասենք` ճաշելու համար ավելի ձեռնտու կլինի ինքնաթիռ նստել եւ գնալ Փարիզ կամ Բուլղարիա ճաշել եւ վերադառնալ կամ շաբաթ-կիրակին անցկացնել Փարիզի հյուրանոցներից մեկում, որտեղ հյուրանոցի գներն ավելի էժան են, քան Հայաստանում կոմունալ ծախսերը»: