Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՄԱՍԱՄԲ ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ ԷՐ »

Տնտեսություն

Երբ մարդիկ սպասում են, որ մյուս արտարժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեքն էլ ավելի կընկնի, ապա սկսում են վաճառել այն, որի արդյունքում դոլարն իսկապես կորցնում է իր արժեքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսը նկատեց, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկը զգալիորեն կրճատվել է:

«Մենք դեռեւս ճշգրիտ չգիտենք, թե բնակչությունն իր մոտ որքան գումար է պահում, սակայն նախկինում Հայաստանը շատ դոլարացված երկիր էր: Օրինակ՝ արտասահմանյան արտարժույթով դեպոզիտների կշիռը 2004թ. 74 տոկոսի համեմատ ներկայումս կազմում է շուրջ 40 տոկոս: Կրճատվել է նաեւ կանխիկի դոլարիզացիան՝ դոլարի շրջանառության տոկոսը դրամի շրջանառության նկատմամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նինկե Օմեսը:

Ըստ նրա՝ դոլարի առաջարկի զգալի ավելացման պատճառն առաջին հերթին արտասահմանից Հայաստան մուտք գործող մեծ քանակի տրանսֆերտներն են, որոնք արագորեն աճում են: Բացի այդ կան նաեւ օտարերկրյա այլ ուղղակի ներդրումներ: «Իհարկե, ամեն տարի մասնավոր փոխանցումներ լինում են, բայց այս տարի դրանք զգալիորեն ավելացել են: Օրինակ՝ այս տարվա առաջին 9 ամիսների դրությամբ մասնավոր փոխանցումների գումարն արդեն հավասարվել է նախորդ ամբողջ տարվա գումարին: Եթե անցած տարի մարդիկ արտերկրից Հայաստանում ապրող իրենց ընտանիքին ուղարկում էին 100 դոլար, ապա հիմա՝ միգուցե 150 դոլար են ուղարկում»,- ասաց տիկին Օմեսն՝ ավելացնելով, որ ինչքան շարունակվի արտարժույթի ներհոսքը, այնքան կշարունակվի դրամի արժեւորումը. այստեղ ՀՀ Կենտրոնական բանկը ոչինչ անել չի կարող: Վերջինս, ըստ Օմեսի՝ միայն նոյեմբերի ընթացքում փոխարժեքի շուկայում արդեն գնել է մոտավորապես 175 մլն դոլար, որն ավելին է, քան առաջին 10 ամսվա ընթացքում ընդհանուր գնվածը: Եթե ԿԲ-ն չգներ այդպիսի մեծ ծավալի դոլար, ապա, ըստ տիկին Նինկեի՝ փոխարժեքը շատ ավելին ցածր կլիներ: Սակայն, երբ ԿԲ-ն դոլար է գնելով վաճառում է դրամ, դա հանգեցնում է սղաճի:

Դոլարի արժեզրկման հաջորդ պատճառն, ըստ նրա՝ Հայաստանում հատկապես վերջերս արտասահմանյան կապիտալի օգնությամբ ստեղծված նոր բանկերն են: Կան նաեւ գործող այլ բանկեր, որոնք ընդլայնելով իրենց կապիտալը ` սկսել են ավելի շատ վարկեր տրամադրել: Այդ գումարների մեծ մասը եւս, ըստ Օմեսի՝ արտասահմանից են գալիս: Բացի բանկերից, դոլարի արժեզրկման համար նրա կարծիքով՝ մեծ դեր են խաղում նաեւ օտարերկրացիների, հիմնականում սփյուռքահայերի կողմից անշարժ գույքի շուկայում կատարվող խոշոր ներդրումները: Դոլարի փոխարժեքի տատանումնեհո( հատկապես նոյեմբերի վերջին շաբաթ-կիրակի օրերին) նա մասամբ պայմանավորում է տեղի ունեցած որոշակի սպեկույլացիայի՝ չաշահումների հետ: Դրանք, ըստ նրա՝ հիմնականում տեղի են ունենում հանգստյան օրերին: Հիշեցնենք, որ եթե նոյեմբերի 23-ին՝ ուրբաթ դոլարը վաճառվում էր մոտավորապես 315 դրամով, ապա հաջորդող հանգստյան օրերին իջավ մինչեւ 280-ի, երկուշաբթի բարձրանալով՝ 305-ի: «Հանգստյան օրերին արտարժույթի շուկան ավելի քիչ ակտիվ է, քանի որ պաշտոնական փոխարժեքի շուկան փակ է, ՀՀ ԿԲ-ն չի գործում, առեւտրային բանկերն էլ հիմնականում փակ են: Դա նշանակում է, որ փոխարժեքի շուկան այդ օրերին հիմնականում գործում է փողոցներում: Եթե այդ օրերին մեկը վաճառի 1 մլն դոլար, ապա դա շատ ավելի մեծ ազդեցություն կունենա փոխարժեքի վրա, քան եթե այդ գումարը վաճառվեր շաբաթվա ընթացքում»,- նկատեց տիկին Օմեսը՝ ավելացնելով, որ իրենց պատկերացմամբ՝ նոյեմբերի առաջին շաբաթների ընթացքում արտարժութային մեծ հոսք տեղի ունեցավ, որն էլ առաջացրեց փոխարժեքի նվազեցում:

Դրա արդյունքում, ըստ նրա՝ մարդիկ նյարդայնացան, նույնիսկ խուճապ առաջացավ եւ սկսեցին դոլարը վաճառել: «Նրանք ստիպված էին այդ գումարները փոխանակել, որպեսզի, օրինակ՝ Նոր տարվա նվերներ գնեն, բայց որոշեցին հենց այդ պահին դա անել՝ չսպասելով հետագա զարգացումներին: Միգուցե կային նաեւ գործարարներ, որոնք նույնպես որոշեցին վաճառել դոլարները: Այն մարդիկ, որոնք կարող էին կանխագուշակել, որ ապադոլարացումը կհանգեցնի փոխհարժեքի հետագա իջեցմանը, նրանք հանրավորություն ունեցան գումարներ վաստակել»,- ասաց է նա: