ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ՄԱՄՈՒԼԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՊարզվում է` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություններում իրականացվող հարկային ստուգումների ու ձերբակալությունների մասին պատգամավորի գործընկեր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ընդհանրապես տեղյակ չէ կամ ինչ էլ գիտի, մամուլից է տեղեկացել: Հիշեցնենք, որ այս հարկային ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց իր աջակցությունը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Պարոն Մինասյանը, դարձյալ հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, ավելացրեց, որ դեռ չի հանդիպել մի հոդվածի, որտեղ նշվի, որ հարկային օրենսդրությունից դուրս ինչ-որ այլ պահանջ է ներկայացվել: Ըստ նրա՝ բոլոր սուբյեկտների համար պետք է այն պարտադիր լինի, քանի որ հակառակ դեպքում «դժվար կլինի պատկերացնել, թե մեր տնտեսվարող սուբյեկտները ինչպես կարող են կատարել իրենց հարկային պարտականությունները ՀՀ բնակչության հանդեպ»: «Հակառակ դեպքում որեւէ ձեռնարկատեր, ինչպիսինն էլ որ այն ուզում է լինել, չի կարող ունենալ 25 տոկոս աճ: Մենք 15 տարվա պետություն ենք, սակայն ցանկանում ենք մեկ տարվա ընթացքում հարկային մեր եկամուտները ամբողջ 15 տարվա ընթացքում կուտակածից 1/4-ից ավելի բարձրացնել: Ակնհայտ է, որ դա փոքրիկ ձեռնարկությունների միջոցով հնարավոր չէ իրականացնել»,- կարծում է Գագիկ Մինասյանը:
Նա անհիմն է համարում այն հայտարարությունները, որ պատգամավորի ձեռնարկություններում իրականացվող հարկային այդ ստուգումները քաղաքական ենթատեքստ ունեն՝ այդ հարցին մոտենալով տնտեսական տեսանկյունից. «Եկող տարվա համար մեր համախառն ներքին արդյունքի աճը պլանավորված է ընդհանուր 10 տոկոս եւ միաժամանակ մեր հարկային իրավունքների աճը 28,2 տոկոս: Տեսեք` ինչպիսի մեծ տարբերություն կա: Եթե ուզում եք պարզել, թե մնացած այդ 18,2 տոկոսը որտեղից պետք է հավաքվի, ապա պատասխանն ակնհայտ է՝ ստվերից եւ մրցակցային դաշտի կատարելագործումից, այլ ելք մենք չունենք»:
« ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԸ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑ Է»
Անդրադառնալով 2008թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Պարզեցված հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որը շատերի կարծիքով շեշտակի հարվածելու է մանր եւ միջին բիզնեսին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ այն հեղափոխական մեծ դեր է խաղալու: Դա հատկապես ցայտուն երեւալու է ներկա այն իրավիճակում, երբ ունենք «որակյալ քիչ հաշվապահներ, չեն գործում տնտեսական օրենքները, երբ մեր բիզնեսը բավական մեծ առումով սոցիալական բովանդակություն ունի»:
«Սա մեր տնտեսվարողներին թույլ տվեց իրենց հանապազօրյա հացը վաստակել, նախնական կապիտալի կուտակում ունենալ: Մենք ունենք ավելացված արժեքով 2 հարկային դաշտեր եւ պարզեցված հարկային դաշտ: Ակնհայտ է, որ այստեղ հարկային բեռը շատ ավելի նվազ է: Հաճախ են ինձ ասում, որ կոռուպցիոն ռիսկերից օրենսդրությունը պետք է զերծ մնա: Այդ պատճառով շինարարությունը, էներգետիկան եւ եւս երկու ոլորտ հանեցինք պարզեցված հարկային դաշտից»,- ասում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջոտային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ բոլոր «խելամիտ, ոչ խելամիտ, հնարամիտ, սրամիտ երկրներում» ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողները հայտնվում են պարզեցված հարկային դաշտում: Սակայն մեծ տնտեսվարող սուբյեկտների կողմից բավականին մեծ բողոք եղավ, որ իրենք հավասար մրցակցային դաշտում չեն: Ըստ Մինասյանի՝ եւ այս բողոքների, եւ օրենսդիր մարմինների հիմնական պարտավորությունների հիման վրա՝ տեղի ունեցավ օրենքների որոշ փոփոխություններ:
Մինասյանի կարծիքով՝ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք սկսել են նկարագրվել իբրեւ պարզեցված հարկային դաշտում աշխատող, տրամաբանությունից դուրս են: «Ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք ուղղակի մասնատված մեծ ձեռնարկություններ են, որոնք գտնվում են այս դաշտում: Եթե նրանք այստեղ են գտնվում, ապա անհավասար մրցակցային հնարավորություններ են ստեղծում իրենց զարգացման համար»,- վստահեցնում է Մինասյանը:
ՊԵՏ.ԲՅՈՒՋԵԻ GFS 2001 ՍԿԶԲՈՒՆՔԸ
Գագիկ Մինասյանը չի կիսում տարածված այն կարծիքը, որ 2008թ. ՀՀ պետ.բյուջեն 90-ական թթ. վերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ ավելի փոքր է: Մանավանդ որ, ըստ նրա՝ «Եթե դոլարն արժեզրկվել է, ապա այդ հարաբերությունը շատ ավելի է մեծացել»: «Այսինքն՝ եթե ՀՀ դրամով արտահայտված 4 անգամ է ավելի ինչ-որ թվի նկատմամբ, ապա այս դեպքում կլինի 8 անգամ ավելի: Այս տարի մենք անցել են բյուջեի նախագծման GFS 2001 սկզբունքին, մինչ այս թիվը ունեինք GFS 1996 սկզբունքը, որի մուտքային, ծախսային մասի եւ դեֆիցիտի նկարագրումը չէին համընկնում: Եթե բերենք համադրելի ցուցանիշների, ապա եկող տարվա բյուջեն նախորդից 25-26 տոկոսով ավելի մեծ է լինելու»,- վստահեցնում է Մինասյանը: Նշենք, որ 2008թ. պետ.բյուջեն կազմում է 2,5-2,7 մլրդ դրամ: