Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՆՈՒՅՆԻՍԿ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ»

Տնտեսություն

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Կառավարության 2008 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նիստում ի թիվս այլ հարցերի, որոշում է կայացվել ավտոմոբիլային ճանապարահների վերաբերյալ եւ հաստատվել է ընդհանուր օգտոգործման ավտոճանապարհների անվանացանկը:

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունն ունի 7704 կմ ճանապարհ, իսկ մինչեւ 2012 թվականը հանրապետության ավտոճանապարհները պետք է վերանորոգված լինեն: Միայն 2008 թվականին կվերանորոգվի 103 կմ գյուղական նշանակության ճանապարհներ, ըստ Մանուկյանի`«ինչի համար նույնիսկ պետբյուջեն է գումար հատկացրել»:

103 կմ ճանապարհի վերանորոգման նպատակով 2008 թվականի բյուջեից հատկացվել է 5,6 մլրդ դրամ: Այսօրվա նիստի ընթացքում փոխվել է նաեւ 2224 կմ գյուղական ճանապարհների կարգավիճակը. դրանց տրվել է հանրապետական նշանակություն եւ հետեւաբար արդեն դրանց էլ կայրենի կառավարությունը կվերաբերի լրջորեն. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարումը պետք է իրականացնի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ճանապարհների մասով, բացառությամբ Երեւան քաղաքի տարածքում գտնվող նշված ճանապարհների մաս հանդիսացող հատվածների, ինչպես նաեւ ՀՀ մարզպետները` համապատասխան մարզի ենթակայության մասով:

Մեկ այլ որոշմամբ` հաստատվել են նաեւ ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային գծանշման համարները, պատկերներն ու չափերը, ճանապարհային ցանկապատերին, ուղղորդող սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման եւ տեղակայման կանոնները:

Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ նշագծման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 300 մլն դրամ: Որոշումն ընդունվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաեւ ՀՀ-ում օգտագործվող ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները 1968թ. Վիեննայում ստորագրված «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով:

Անդրանիկ Մանուկյանը նաեւ խոսեց այս ձնառատ օրերին ավտոմայրուղիների վիճակի մասին. նա տեղեկացրեց, որ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներին պրոբլեմներ չկան, իսկ այն կազմակերպությունների համար, որոնք մրցույթով շահել են ավտոճանապարհները մաքրելու աշխատանքը, սահմանված է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկ, որպեսզի ճանապարհներին խնդիրներ չառաջանա: Գյուղական ճանապարհների վիճակը ոչ միայն հեռու է բարվոք լինելուց, այլեւ չի մաքրվում ձմռան ամիսներին: