ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունվարի 16-ին: Սակայն այստեղ անակնկալ չի սպասվում. մրցույթի արդյունքում այն կհանձնվի «Ռուսական երկաթուղիներ»-ին:
Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հիշեցրեց, որ հայտարարված միջազգային մրցույթի պայմանների համաձայն, հունվարի 8-ին բացվել է միակ հավակնորդ` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացրած ֆինանսական առաջարկությունների փաթեթը: Նա տեղեկացրեց, որ ռուսական ընկերությունը կոնցեսիոն կառավարման համար Հայաստանի պետական բյուջե պետք է վճարի 1.7 մլրդ դրամ: Դեկտեմբերի 21-ին «Ռուսական երկաթուղիներ»-ը հրապարկել է իր առաջարկը, համաձայն որի, այն պատրաստվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում ներդնել 570 մլն դոլար, որից 230-մլնը նախատեսվում է ներդնել առաջիկա 5 տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, 30 տարում ներդրումների չափը պետք է հասնի 2 մլրդ 130 միլիոն դոլարի: Ի դեպ, «Ռուսական երկաթուղիները» պետք է փորձի վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ:
Ըստ Անդրանիկ Մանուկյանի, կոնցեսիոները պետք է պետբյուջե վճարի իր տարեկան շրջանառության 2 տոկոսը: Բացի դրանից, նրանք, որպես սովորական հարկատուներ, պետք է կատարեն իրենց պարտավորությունները:
Հիշեցնենք, որ «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու վերաբերյալ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միջազգային մրցույթ էր հայտարարել հոկտեմբերի 15-ին: «Հայկական երկաթուղին» մրցույթում հաղթողին կոնցենսիոն կառավարման կհանձնվի 30 տարի ժամկետով: Հայկական ընկերությունը կոնցեսիոն կառավարման վերցնելու հայտ էին ներկայացրել երկու ընկերություն: Ռուսականը եւ հնդկական Rail India Technical and Economic Services ընկերությունը, որը դեկտեմբերին ետ էր վերցրել հայտը: