ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՍԱՏԿՈՒՄ ԵՆ ՑՐՏԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բնության թանգարանի Գյումրիի մասնաճյուղը թեեւ գազաֆիկացված է, բայց հիմնադրման օրից չի ջեռուցվում: Ձմռան ամիսներին որոշ կենդանիներ հանգրվանում են աշխատողների ու տնօրենի բնակարանում: Թանգարանը հազիվ գոյատեւում է, այն էլ աշխատողների շնորհիվ:
Ձմռան ամիսներին ջերմաչափի սանդղակը միշտ 5 աստիճանի վրա է, երբեմն-երբեմն տատանվում է, բայց ոչ թե դեպի պլյուս, այլ դեպի մինուս: Ջերմաչափը բնության թանգարանում է, հենց այն սրահում, որտեղ էլ ստիպված են գոյատեւել բնության թանգարանի եզակի նմուշները: Այստեղ բնակվող ծովախոզուկներն ու աղավնիները կարող են Կարմիր գրքում գրանցվել, որպես ցրտադիմացկուն կենդանիներ, քանզի միայն նրանց է հաջողվել կենդանի մնալ այս պայմաններում:
Քիչ թե շատ բարվոք պայմաններ են ստեղծված ձկների համար, էներգիայի միջոցով կարողանում են ակվարիումներում պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը:Սակայն ասել, որ թանգարանը չի հոսանքազրկվում, սխալ կլինի: Աշխատողները հիշում են, որ 2 օր հոսանք չեն ունեցել, տնօրենը ստիպված ձկներին տարել է տուն:
Կենդանիների կերը հայթայթում են զանազան միջոցներով: Աշխատողներն ամեն աշխատավարձից գումար են հավաքում: «Հո սոված չպիտի մնան»,-ասում են աշխատակիցները: Ներկայումս թանգարանում առավել ցրտադիմացկուն կենդանիներն են՝ ծովախոզուկները, ձկներն ու աղավնիները: Իսկ թութակներն ու դեղձանիկները տնօրենը ստիպված իր տուն է տարել: Ձմռան ամիսներին թանգարանը միայն խրտվիլակներով կարող է զարմացնել, վերջիններս ցրտին դիմանում են: Բայց այստեղ էլ խնդիր կա: Խրտվիլակներն էլ խոնավությանը չեն դիմանում: Ճիշտ է, կտուրը վերանորոգվել է, հիմա չի կաթում, բայց շենքը այնուամենայնիվ խոնավ է:
Արդեն մի քանի օր է ցուրտ թանգարանում է հանգրվանում նաեւ ջրցուլը: Նրա թեւը կոտրված է: Նրան կերակրելու եւ կոտրված թեւը բուժելու հնարավորություն չկա: Աշխատողները նշում են, որ շատ հնարավոր է մի շարք ծովախոզուկների հետ ջրցուլն էլ սատկի:
Հայաստանի բնության թանգարանի Գյումրիի մասնաճյուղը մոտ 16 տարվա պատմություն ունի, այն մարզամշակությաին կենտրոնի շենքում է գտնվում, որը տրամադրվել է անվարձահատույց: Երեւանի մայր թանգարանը վճարում է միայն աշխատավարձը եւ էլեկտրաէներգիայի ծախսը: Իսկ թանգարան այցելությունն անվճար է:
«Ցայգ»հը
Գյումրի