Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՂԸ ՑՈՒՐՏ ՉԻ ԼԻՆԻ

Մարզեր

Հանրակրթական բոլոր դպրոցներում այսօրվանից վերսկսվել են դասերը: Օդի ցածր ջերմաստիճանը, ըստ Շիրակի մարզի կրթության վարչության պատասխանատուների, դպրոցներում դասերը հետաձգելու պատճառ չէ: «Հանրակրթական այն դպրոցները, որոնք գազաֆիկացված են, կամ ունեն հեղուկ վառելանյութի կաթսաներ, արձակուրդների ընթացքում թույլ ռեժիմով արդեն տաքացվել են: Այնպես որ, որեւէ դպրոցում որեւէ խնդիր ու ահազանգ չկա»,- ընդամենը երկու օր առաջ վստահեցնում էր ՇՄ կրթության վարչության պետ Վարդան Ասլանյանը:

Սակայն պարզվեց, որ օրինակ Ախուրյանի թիվ մեկ դպրոցն այս առումով խնդիր ունի: Դասասենյակներում նորմալ ջերմաստիճան հնարավոր չի եղել ապահովել, քանի որ էլեկտրական սալիկներով հատկապես ձմռան այս ամիսներին նորմալ ջերմություն ապահովելը քիչ հավանական է: Սա այն դեպքում, երբ դպրոցը կենտրոնացված ջեռուցման համակարգ ունի: Անցած տարվա հոկտեմբերին պետական բյուջեի հատկացումներով դպրոցին կից կառուցվել է կաթսայատուն, սակայն մինչ օրս որոշ պատճառներով չի շահագործվել: Եթե նախկինում հավանաբար փաստաթղթային քաշքշուկներ են պատճառ հանդիսացել, ապա այժմ էլ եղանակային պայմանները թույլ չեն տալիս համակարգը գործարկել: Մտավախություն կա, թե ցրտի պատճառով կարող է ջերմահամակարգը շարքից դուրս գա:

Այսօր դպրոցում շատ ցուրտ է եղել: Որպես հետեւանք, դասապրոցեսն ընդհատվել է:

Վաղվանից դասերը ժամը 9-ի փոխարեն սկսվելու են առավոտյան ժամը 10-ից, բայց դասաժամերն, ըստ տնօրենի, լինելու են 45րոպե: Հավանաբար, հենց ցրտի պատճառով բացակայությունները դպրոցում քիչ չեն եղել, թեեւ սա, ըստ տնօրենի, կարելի նաեւ օրինաչափ համարել: «Արձակուրդներից հետո եւս մի քանի օր որոշ աշակերտներ դեռեւս շարունակում են այսպես ասած արձակուրդում մնալ»,-ասում է տնօրեն Աննա Ենգոյանը:

Խնդիր է ունեցել նաեւ Գյումրիի թիվ 27 դպրոցը: Տնօրինությունը ցանկություն է ունեցել դասասենյակների հետ համատեղ տաքացնել նաեւ դպրոցի մարզադահլիճը: Կաթսայատունը շահագործել են, սակայն շարքից դուրս է եկել ջերմահամակարգը: Որոշվել է անմիջապես անջատել ողջ համակարգը` թերությունները վերացնելու նպատակով : Այս դպրոցն, ըստ տնօրենի, ջեռուցման խնդիր վաղը չի ունենա:

«Ցայգ» հը

Գյումրի