ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՉԳՏՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտունի քաղաքում այսօր գործում է միայն հինգ թեկնածուի նախընտրական գրասենյակ: Թեկնածուներ Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը եւ Վազգեն Մանուկյանը դեռեւս չունեն նախընտրական գրասենյակներ եւ պարզ չէ կունենան թե ոչ:
Գործող 10 նախընտրական գրասենյակներից վեցը պատկանում է թեկնածու Սերժ Սարգսյանին. այն հարցին, թե ինչու այդքան գրասենյակներ մի փոքր քաղաքում, մեզ պատասխանեցին, որ դա համապատասխանեցված է քաղաքի հինգ ընտրատեղամասերի թվի հետ, իսկ վեցերորդն էլ գլխավոր գրասենյակն է: Մյուս չորս թեկնածուները` Ա.րտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը ունեն մեկական գրասենյակներ, սակայն նախատեսում են նախընտրական շտաբներ բացել նաեւ համայնքի գյուղերում:
Այն հարցին, թե ինչ խնդիրներ ունեն նախընտրական գրասենյակները, պարզվեց, որ խնդիրներ չունեն միայն չորս թեկնածուներ, իսկ ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական գրասենյակը լուրջ խնդիրներ է ունեցել տարածքի վարձակալման հետ: «Փորձում էինք վարձակալել տարածք, խոստանում էին, իսկ հաջորդ օրը պատասխանում, որ չունեն, մերժել է նաեւ քաղաքապետարանը, այդ պատճառով էլ ստիպված վարձակալել ենք բնակարան: Իշխանությունները փորձում են խանգարել մեզ, մարդկանց արգելում են ինձ հետ շփվել»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարտունի քաղաքի նախընտրական գրասենյակի ղեկավար Կորյուն Մհերյանը: Մեր կատարած հարցումները ցույց տվեցին, որ Մարտունու բնակիչների մեծ մասը գտնում է, որ եկող նախագահական ընտորւթյունները կանխորոշված են:
Ինչպես միշտ Մարտունիում արդեն լուրեր են պտտվում ընտրակաշառքների մասին, իսկ ըստ նախնական սահմանված գրաֆիկի ` Վահան Հովհաննիսյանը Մարտունիում կլինի հունվարի 31-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը` փետրվարի 1-5 ընկած ժամանակահատվածում, Արտաշես Գեղամյանը` փետրվարի 9-ին:
Անուշ Շահումյան
Մարտունի