«ԵՐԵՎԱՆԸ ՓՔՎՈՒՄ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզարշավը Շիրակի Մարզում շարունակվեց նաեւ այսօր: Նա հանդիպեց Աշոցքի, Ամասիայի եւ Մարմաշենի բնակիչների հետ: Աշոցքում Վահան Հովհաննիսյանին ընդունեցին գյուղի Մշակույթի տանը: Պարոն Հովհաննիսյանն էլ ելույթը սկսեց՝ փաստելով, որ երեկ մարզի 27 համայնքապետեր եւ մոտ 40 ձեռնարկատերեր հավաստել են, թե առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանեու են հենց իր թեկնածությունը:
Խոսելով տեղի բնակիչներին հուզող խնդիրների մասին՝ ՀՅԴ թեկնածուն առավելապես կարեւորել է հողահարկի նվազեցումը` նշելով, որ Աշոցքի տարածաշրջանի հողն առանձնապես բերքատու չէ: Այս գյուղում կենսական խնդիր է գազաֆիկացումը: Թեեւ գազամատակարարման խողովակները գրեթե հասցվել են հանրապետության այս ամենացուրտ շրջան, սակայն աշխատանքները կիսատ են մնացել անորոշ ժամանակով:
Թեկնածուն Աշոցքում փաստել է, որ սոցիալական անբարենպաստ պայմանների հետեւանքով գյուղերը դատարկվում են: Մարդիկ մեկնում են քաղաքներ, որտեղ կենսամակարդակը քիչ թե շատ ավելի բարվոք է: Ուստի նա առաջարկում է նպաստել մարզերի զարգացմանը՝ այստեղ եւս կատարելով ներդրումներ:
«Երեւանը կարող է համաչափ զարգանալ, եթե զարգանում են մարզերը: Այնինչ Երեւանը փքվում է: Սա նորմալ չէ»,-գտնում է նա: Մարմաշենցիներն եւս համակրում են Վահան Հովհաննիսյանին: Երիտասարդների կարծիքով, այն ինչ ասում է այս թեկնածուն եւ ներկայացնում է իր ծրագրում իրատեսական է: Մարմաշենի մեծերն եւս համոզված են, որ Վահան Հովհաննիսյանը ճիշտ է խոսում: Ամասիան թեկնածուին ներկայացնելիք խնդիրներից առավելկարեւորեց հիվանդանոցի բացակայությունը: 2007-ի հոկտեմբերից միակ հիվանդանոցը փակվել է: Երեխաները տանն են ծնվում, իսկ հիվանդներին մի կերպ հասցնում են կամ Ղուկասյան, կամ Գյումրի: Կամ էլ չեն հասցնում որ մի տեղ:
Գյուղական հանդիպումներից հետո օրվա երկրորդ կեսին Գյումրիի թատերական հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ: «Եթե ինձ ձայն տաք, ապա մեկ տարի հետո անճանաչելի երկիր կունենանք»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:
«Ցայգ» հը
Գյումրի