«ՍՈՒՊԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ»
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում ոչ-ոք շահույթ ցույց չի տալիս, նրանք ցույց են տալիս, որ աշխատում են վնասով, այդ իսկ պատճառով արժեթղթերի շուկա Հայաստանում չի կարող լինել»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
Իսկ ահա Թաթուլ Մանասերյանը համարում է, որ աժեթղթերի շուկայի գոյությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ, քանի որ բորսան դա տնտեսության սիրտն է:
Համաշխարհային շուկայում դոլար- դրամ տատանումները, ըստ Թաթուլ Մանասերյանի, կշարունակեն վնաս հասցնել մեր տնտեսությանը, եթե մենք չփորձենք առաջ նայել:
էդուարդ Աղաջանովն էլ նշում է, որ պաշտոնական տվյալներով, փոխարժեքային այդ տատանումները մեր տնտեսության վրա շատ դրական ազդեցություն է ունենում: «Պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ մեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 13.8%-ով, սակայն եթե նայենք դոլարով` կասենք, որ մենք սուպեր պետություն ենք, դոլարով մեր ՀՆԱ-ն աճել է 50%-ով, աշխարհում այդպիսի բան գոյություն չունի»:
Նա առաջարկում է մեր իշխանություններին այն գրանցել Գինեսի գրքում: «Մյուս սարսափելի ցուցանիշը այն է, որ մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է արտաքին առեւտրի դեֆիցիտը ավելացնել73%-ով: 2002թվից մինչեւ 2007 թիվը Հայաստանը ունեցել է երկնիշ տնտեսական աճ, երկնագնդի վրա չկա այնպիսի երկիր, որ այդքան ունենա»:
Իսկ ԿԲ-ն, նրա խոքերով, չի կարող պայքարել գնաճի դեմ, քանի որ նա ունի միայն դրամական գործիքներ:«Յուրաքանչյուր երկրում գնաճը ոչ միայն ԿԲ-ի, այլ նաեւ կառավարության խնդիրն է»,- ասում է Էդուարդ Աղաջանովը եեւ ավելացնում, որ պետության առաջին մեղքն այն է, որ տնտեսվարողը չի ցանկանում երեւա հաջողակ, քանի որ վախենում է պետությունից եւ պետական ռեկետից:
Իսկ ի՞նչ տեսքով խնայողություններ պահեն մեր քաղաքացիները՝ դոլարի, թե՞ դրամի. Էդուարդ Աղաջանովը դժվարացավ պատասխանել, քանի որ, ըստ նրա, մեր տնտեսությունը աննորմալ է: