Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌԱԴԻՏԱԿԸ ՉՄՈՌԱՆԱՔ

Մարզեր

Յուրաքանչյուր մարզ նախագահական ընտրությունների կարեւորությունն հասկացել է յուրովի եւ յուրովի էլ պատրաստվում է : Օրինակ` Շիրակի մարզում ակտիվ են համարյա բոլոր թեկնածուները: Նրանց թիմակիցներն` առավել եւս: Ընտրատեղամասերն եւս ակտիվ են եւ այդ ակտիվությամբ զարմացրել են եվրոպացիներին: Նրանք մեր ընտրատեղամասերը նմանեցրել են երկաթգծի կայարանների, քանի որ այնտեղ միշտ շատ մարդիկ կան, եւ միշտ աղմուկ է :

«Շատ ցուցապաստառներ ունենք` շարժական եւ անշարժ, մեծ եւ շքեղ շատ շտաբներ էլ ունենք: Բայց դրանք անիմաստ բաներ են»,-գտնում է ընտրական օրենսգրքի համահեղինակ Հրայր Թովմասյանը:

Այս խառը պահին աշխատանքից ազատված քաղաքացիներ էլ ունենք: «Շիրակ» ջրմուղկոյուղու 3 աշխատակից պնդում են, թե ազատվել են աշխատանքից` նախագահացուներից մեկին դեմ լինելու համար: Տնօրինությունն էլ պնդում է, որ աշխատանքից ազատման պատճառը մասնագիտական թերացումն է եղել:

«Ով մեր աշխատանքը կատարի, հնչակ կլինի, դաշնակ կլինի, մեր գլխի վրա տեղ ունի»,- հայտարարում է տնօրենը :

Մենք ընտրացուցակներ էլ ունենք, որոնց մասին տեղեկատվություն ստանալու իրավունք չունենք:

«Նախարարի հրամանն է,-ասում են,- եկեք մայրաքաղաք, թե բան է պետք մեզնից իմացեք»: Ամեն դեպքում ընտրացուցակներն արդեն փակցված են, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ իր ընտրատեղամասն ու ստուգել, հո դուրս չի՞ մնացել ընտրացուցակից:

Նրանք նաեւ իրենց անվան առկայությունը կարող են ստուգել ինտերնետային համապատասխան կայքից: «Թող ինտերնետով քվեարկության հնարավորություն ստեղծեին»,- ասում են գյումրեցիներից շատերը, իսկ «եթե ընտրական օրենսգիրք էին փոխում կարող էին նաեւ մտածել սփյուռքի մասին, քանզի ցանկացած հարցում, ինչը կապված է Հայաստանի հետ սփյուռքն աջակցում է»:

Ընտրացուցակների հետ կապված որոշակի խնդիրներ կան: Շիրակի մարզի 212 հազար 509 ընտրողներից շատերը գտնում են, որ տառատեսակը փոքր է եւ կարդալ չեն կարող: Գյումրեցի 119 հազար ընտրողների մի մասի կարծիքով էլ` որոշ տեղամասերում ցուցակները շատ բարձր են փակցված եւ տեսանելի չեն: Ուստի, տատիկները, պապիկները կամ ընդհանրապես կարճահասակները, եթե վաղը գնան ընտրության եւ տարածքում չհայտնվի մեկն, ով ցանկություն ունենա նրանց գրկել , բարձրացնել եւ հասցնել ընտրացուցակին, որպեսզի վերջիններս հայտնաբերեն իրենց ընտրական համարը, ապա պետք է դիմեն հեռադիտակի օգնությանն ու իմանան, թե որ համարի տակ են քվեարկելու :

Գյումրի

«Ազդարար»