ՉԻ ՄԱՐՈՒՄ 5 ՄԼՆ ԴՐԱՄ ՊԱՐՏՔԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը 2006 թվականին Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերության հատուկ լիցենզիա տվեց Ջի Էմ Մաղարոե անվանումով հարավ- աֆրիկյան մի ընկերության։ Այդ ժամանակ էլ գյուղ եկան աֆրիկացիներ ու արաբներ, սկսեցին կողք -կողքի աշխատել տեղացիների հետ։ Չնայած լեզվական դժվարությանը, արաբների հետ տեղացիները լավ լեզու էին գտնում ու հարեւանություն անում։ Սակայն օտարերկրացիների հետ հարեւանությունը երկար չտեւեց. 2007-ից հունվարից սկսվեցին աշխատավարձի ուշացումները, արաբները գնացին, առանց աշխատավարձ վճարելու։
Այնուհետեւ բոլոր բանվորներին ու ինժեներատեխնիկական անձնակազմին առանց աշխատավարձ վճարելու ու վերջնահաշվարկ կատարելու ուղարկեցին հարկադիր արձակուրդի, գյուղացիների համար անհեթեթ մի պատճառաբանությամբ. «կատարված աշխատանքն անհամապատասխան է»։
Հիմա ընկերությունը մոտավորապես 5 միլիոն դրամ է պարտք գյուղացիներին ։ Ղեկավարությանը հանդիպելու նրանց բոլոր փորձերը ձախողվել են։ Երեւանի գրասենյակ էլ են գնացել, բայց ոչ ոքի չեն գտել։ Բանվորները տարբեր ատյաններ են դիմել, նաեւ 46 հոգու ստորագրությամբ նամակ գրել ՀՀ վարչապետին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։ Ընկերության ղեկավարությանը Մղարթի գյուղապետն էլ չի հանդիպել, բայց ասում է, որ «Մուլտի Գրուպը» հողի հարկը վճարում է։ 2007 թվականի հոկտեմբերից ընկերությունն անցել է «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ին։
«Անկյուն գումարած 3» ՀԸ
Ալավերդի