ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՂԲԱՆՈՑԻ
Աջակցիր «Ա1+»-ինՂարիբջանյան խճուղու 124 տարածքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ պայքարում են իրենց բնակավայրն աղբանոցի վերածելու դեմ: Անցած աշնանից սկսած խճուղու երկայնքով եւ թաղամասի տներից ոչ հեռու պարբերաբար լցվում է շինարարական եւ կենցաղային աղբ, ինչի պատճառով բնակիչները հաճախ վեճի են բռնվում աղբատար մեքենաների վարորդների հետ:
Գյումրի - Արմավիր մայրուղու այս հատվածը հանդիսանում է քաղաքի մուտքերից մեկը: Այս ճանապարհով Գյումրի այցելող ուղեւորները քաղաքի մուտքից կարող են կարծիք կազմել ամբողջ քաղաքի մասին:
Ղարիբջանյան խճուղու 124 տարածքի բնակիչները հաճախ են նկատել արտասահմանցի զբոսաշրջիկների զարմացած ու զննող հայացքները ուղղված շինարարական ու կենցաղային աղբով ծածկված քաղաքային մուտքին: Սակայն բնակիչները հիմնականում դժգոհում են, որ քաղաքային աղբանոցի է վերածվել իրենց բնակավայրը: Ավելին, որոշ աղբատարներ շինարարական աղբը դատարկել են դիտահորի մեջ, որի խցանման արդյունքում կեղտաջուրը սկսել էր ողողել ճանապարհը: Սակայն միշտ չէ, որ աղբը թափելու ժամանակ բնակիչներն այստեղ են լինում, եւ շատ հաճախ աշխատանքից վերադառնալիս նկատում են, որ աղբակույտերն ավելացել են: Գյուղացիներն արդեն այս տարածքն ընկալում են իբրեւ աղբանոց, եւ բնակիչները հաճախ են տեսել, թե նրանք ինչպես են գյուղից քաղաք գալիս երթուղային տաքսուց դուրս նետում տոպրակներով կենցաղային աղբը:
Ճանապարհի եզրին կարելի է տեսնել նաեւ ծաղկեպսակներ, որոնք մի կողմ են նետվել առջեւի գերեզմանատնից: Դրանից բացի շատացել են շները, որոնք մի քանի օր առաջ հարձակվել էին մի կնոջ վրա: Բնակիչները նշում են, որ գրեթե ամեն օր վեճի են բռնվում վարորդների ու գյուղացիների հետ, բացատրելով, որ այստեղ բնակելի թաղամաս է եւ մարդիկ չեն կարող ապրել աղբանոցի վերածված վայրում:
Քաղաքապետարանի մամլո քարտուղարը մեզ տեղեկացրեց, որ հատուկ աղբադաշտեր են հատկացված համապատասխան վայրում եւ շինարարական աղբ բերող վարորդների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նաեւ հավելեց,որ կդիմի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնին՝ այս տարածքում աղբահանություն իրականացնելու խնդրով:
«Ցայգ» հը
Գյումրի