Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է

Տնտեսություն

Երեւանում էին Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչները` մի շարք ուսումնասիրություններ կատարելու npaտակով: ՀԲ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Վիգեն Սարգսյանը «Ա1+»-ին ասաց, որ ԻԱՎ-ի ուսումնասիրությունները դեռ հրապարակման ենթակա չեն: Դրանց մասին հայտնի կդառնա միայն ուսումնասիրությունների ավարտից հետո, որոնց մասին պաշտոնապես կհայտնվի:

Վիգեն Սարգսյանը չբացառեց, որ ԻԱՎ ներկայացուցիչները Երեւան էին եկել նաեւ նախորդ տարի բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերի՝ Երեւանի համայնքային ջրամատակարման համակարգում առկա կոռուպցիոն մեղադրանքների հետքերով: Հիշեցնենք, որ Թասքերը 2003-04թթ. ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ հետաքննություն էր սկսել եւ պարզել, որ ՀԲ 35մլն դոլարանոց ծրագրով նախատեսված` Երեւանի բնակարանների ջրամատակարարման բարելավումը հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման: Այն իրականացնողներն արդյունքում յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար, որոնք, թեեւ, բնակչությանը պետք է բաժանվեին եւ տեղադրվեին անվճար:

Ի դեպ, ԻԱՎ ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Բրյուս Թասքերի հետ՝ պահանջել նրանից որոշ փաստաթղթեր: Նշենք, որ ՀԲ ԻԱՎ-ը ՀԲ Խմբի կողմից լիազորված է հետաքննել բանկի Խմբի գործառնություններում զեղծարարության եւ կոռուպցիայի, ինչպես նաեւ աշխատակազմի կողմից չարաշահումների մեղադրանքները: Բացի այդ՝ ԻԱՎ-ն օժանդակում է բանկի Խմբի եւ նրան վստահված ֆինանսական միջոցները չարաշահումներից պահպանելուն եւ նրա գործառնություններում զեղծարարություն ու կոռուպցիա հայտնաբերելուն ուղղված կանխարգելիչ ջանքերին: Հետաքննությունների ստորաբաժանման աշխատանքն օգնում է Համաշխարհային Բանկին երաշխավորել իր միջոցների նպատակային օգտագործումը` դրանով իսկ նպաստելով զարգացումը խրախուսելու եւ աղքատությունը կրճատելու կազմակերպության հիմնական առաքելությանը: