«ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Աջակցիր «Ա1+»-ինՀանդիպելով Համաշխարհային (ՀԲ) բանկ ինստիտուցիոնալ անաչառության վարչության (ԻԱՎ) ներկայացուցիչների հետ՝ բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն եկել էր այն եզրակացության, որ «նրանք միգուցե իր մեղադրանքների հիման վրա են եկել այստեղ, բայց իրականում` լրիվ ուրիշ նպատակներով»:
«Նրանք ասացին, որ հանդիպել են իմ գործի վկաների հետ, քննարկել են, բայց միանգամից հասկացա, որ նրանք ընդհանրապես չեն հասկացել գործի էությունը: Նույնիսկ ամենապարզունակ տեղեկությունը նրանք չունեին այդ մասին ու Երեւան էլ չէին եկել, որ զբաղվեին իմ գործով:Ինձ ասել էին, որ իմ գործը փակված է արդեն, քանի որ չունենք հաստատումն այն բանի, որ այն ընթանում է, որ դրանով զբաղվում են: Ես այդ մասին հարցնում եմ նրանց, իսկ նրանք չեն պատասխանում»,- «Ա1+»-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Բրյուս Թասքերը:
Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ էին ԻԱՎ ներկայացուցիչներն եկել, ըստ Թասքերի հիմնավորումների՝ «որ փոխեն Հայաստանի իրավիճակը, քանի որ հիմա ՀԲ-ն ցանկանում է իր տնտեսական մոտեցումը փոխել Հայաստանի նկատմամբ»: «Այսինքն՝ այնտեղ, որտեղ նրանք բարձրացրին տնտեսական աճը Միջազգային Արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) հետ, հիմա քաղաքական նպատակներից ելնելով այդ գործին մի փոքր այլ կերպ են մոտենալու»: «ՀԲ-ն եւ ՄԱՀ-ն անցյալ մի քանի տարիների ընթացքում կեղծել են Հայաստանի տնտեսական բումը»,- վստահեցնում է Թասքերը: Հիշեցնենք, որ նա մեղադրում էր ՀԲ-ի խմբի անդամ Ռիչարդ Վոլկիին եւ ՄԱՀ-ին, որոնք խառնված էին հատկապես Երեւանի համայնքային ջրամատակարման համակարգում առկա կոռուպցիայի մեջ:
Թասքերի պնդումներով՝ 2003-04թթ. ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ ինքը հետաքննություն էր սկսել եւ պարզել, որ ՀԲ 35մլն դոլարանոց ծրագրով նախատեսված` Երեւանի բնակարանների ջրամատակարարման բարելավումը հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման: Այն իրականացնողներն արդյունքում յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար, որոնք, թեեւ, բնակչությանը պետք է բաժանվեին եւ տեղադրվեին անվճար:
Ի դեպ, ԻԱՎ ներկայացուցչության այցի մասին Թասքերը մեկ շաբաթ ուշացումով է տեղեկացել: Միայն, երբ նա նամակ է ուղարկում Համաշխարհային բանկի երեանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, նրան հրավիրում են հանդիպման: ԻԱՎ պատվիրակությունը Թասքերից պահանջել են տեղեկություններ: «Նրանք պահանջեցին այն նամակը, որը ԳԱԲ-ի կողմից ուղարկել էինք ԻԱՎ: Հիշեցնեմ, որ ԳԱԲ-ը Վաշինգտոնում գտնվող կառավարությանը կից կազմակերպություն է, որը զբաղվում է իմ իրավունքների պաշտպանությամբ: Նամակում մեր կողմից առաջադրված մեղադրանքների փաստերի ցուցակն էր՝ հայտնաբերված կոռուպցիոն մոտ 12 դեպքերի վերաբերյալ: Ինձ մոտ, թեեւ, ընդամենը երկու փաստաթուղթ կար այդ պահին»,- պատմում է Թասքերը:
Արդյունքում, սակայն, նա ԻԱՎ-ին ոչ մի փաստաթուղթ չի փոխանցել, քանի որ ինչպես նա է ասում՝ հասկացել է, որ դա անիմաստ է՝ ԻԱՎ-ի խումբը մեղադրանք չի ներկայացնի ՀԲ-ին, այլ կսկսեն պաշտպանել:
«Հրաժեշտ տալուց ես նրանց ասացի, որ չեմ ցանկանում ձեզ հետ էլ ոչ մի գործ ունենալ: ՀԲ-ն վերջին տարիներին խայտառակել է ձեր կազմակերպությունը: Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ տեղերում էլ շատ է խոսվում ՀԲ-ի իրագործած կոռուպցիայի մասին: ՀԲ-ն, իհարկե, չոր դուրս կգա այդ ամենից ու կսկսեն մեղադրել մեզ, Հայաստանի իշխանություններին: Իհարկե, հայկական իշխանությունները նույնքան կոռումպացված են, որքան մյուս զարգացող երկրների իշխանությունները: Տարբերությունն ուղղակի այն է, որ ՀԲ-ն ու ՄԱՀ-ն պետք է ջանային կանգնեցնելու եւ կարգավորելու այդ կոռուպցիան, որը չարեցին ու էլ ավելի վատթարացրին իրավիճակը»,- ասում է Թասքերը՝ ավելացնելով, որ ստեղծված այս իրավիճակից տուժողը դարձյալ հայ ժողովուրդն է:
Այժմ, ըստ Թասքերի, իր մեղադրանքներով զբաղվում են շահագրգիռ հեղինակավոր բազմաթիվ կազմակերպություններ եւ անձինք, որոնք ցանկանում են տեսնել արդյունքը: