«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ, ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԼԻՆԵՍ»
Աջակցիր «Ա1+»-ին«Գների թանկացումները որոշ չափով ունեն օբյեկտիվ հիմքեր, ցավոք սրտի, Հայաստանում մի քիչ այլ բովանդակություն ունի»,-ընտրություններից հետո սննդամթերքների եւ այլ ապրանքների թանկացումների մասին խոսելով` «Ա1+»-ին ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
Ըստ նրա` տիպիկ հայկական ֆենոմեն է` յուրաքանչյուր ընտրություններից հետո Հայաստանում գների թռիչք է լինում: «Եթե ուշադիր նայեք վերջին տարիների պատմությունը, ապա կտեսնեք, որ անկախ նրանից միջազգային շուկանում գինը բարձրանում է, չի բարձրանում, Հայաստանում յուրաքանչյուր ընտրությունից հետո գների թռիչք է լինում: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ ընտրություններին մասնակցում են հիմնակում իրենց գումարներով օլիգարխները եւ նպատակ ունեն իրենց ծախսած գումարները հետ բերեն»,- ասաց նա:
Ի դեպ, վերջինս անդրադառնալով քաղաքական հայացքների համար հետապնդվող բիզնեսմեններին` նշեց. «Մեզ մոտ փոխանակ մտնեն քաղաքական բանավեճի, քաղաքական սանկցիաների մեջ օգտագործվի, ցավոք օգտագործվում է տնտեսականը: Դա գալիս է նրանից, որ յուրաքանչյուր տնտեսական պրոցեսի մեջ գոյություն ունի լուրջ քաղաքական բովանդակություն: Այսինքն` մեզ մոտ սա նշանակում է, որ բիզնեսի հաջողությունը կախված է ոչ թե բիզնեսմենից, այլ նրա իշխանության մոտիկ լինելու աստիճանից: Ինչքան մոտ է իշխանությանը, այնքան նա հաջողակ է: «Բիզմեսմենը հենց հեռանում է իշխանությունից, ստանում է պատժամիջոցներ: Սա փաստերոն այս երկրի մի քաղաքականություն է»:
Վերը նշված իրողության վառ օրինակներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի բիզնեսի դեմ իրականացվող ոտնձգություններն են, օրինակ` «Մալբորո» եւ «LM» ապրանքանիշի ծխախոտների խանութներից բացակայությունը: «Դրանք նույն բանի հետեւանքն է: Եթե բիզնեսմենը այդ յոյալությունը խախտում է, անցնում է ընդդիմության դաշտ, ապա նրա դեմ օգտագործում են տնտեսական պատժիչ միջոցներ: Եթե ուզում ես հաջողակ լինել, պետք է իշխանամետ լինես:Ընդդիմություն ես, դու պետք է կործանվես»,- վստահեցնում է Էդուարդ Աղաջանովը:
Այստեղ օրենսդրական բաց կա՞, թե՞ երկրի յուրահատկությունից է` հարցին` ի պատասխան Էդուարդ Աղաջանովը ասաց. «Ոչ: Ոչ մի օրենսդրական բաց չկա: Ուղղակի կամայականություն է, քաղաքական կամքի առկայություն է, որը ոչ մի կապ չունի ոչ տնտեսական պրոցեսների, ոչ տնտեսական իրականության հետ եւ օբյեկտիվության: Քաղաքական մեթոդներով պատժում են բիզնեսը»: Իսկ որպես այս ամենի դեմ պայքարի միջոց տնտեսագետը առաջարկում է, որ պետք է մեզ մոտ տարանջատվի քաղաքականությունը բիզնեսից: «Եթե ուզում ենք նորմալ երկիր լինենք , պետք է վերացնենք կոռուպցիայի ամենադաժան տեսակը, որ Հայաստանում է: Հայաստանում ամենավտանգավոր տեսակն է զարգացած` քաղաքական իշխանությունը սերտաճում է բիզնեսի հետ, ինչը մենք ունենք` նախարար բիզնեսմեններ, պատգամավոր բիզնեսմեններ»: