ՄԱՔՍԱՎՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՐՈՇԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 1-ից մաքսային ծառայությունում գործում է նոր TWM ավտոմատ համակարգ, որը, ըստ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի, աշխարհում լավագույն համակարգերից մեկն է:
Այն մաքսային հայտարարագրերի ինքնահայտարարագրման պրոցեսները գործողության մեջ դնելուն լայն հնարավորություններ է տալիս: Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նիստում փոփոխություններ են կատարվել նաեւ ՀՀ կառավարության 2001թ. մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» որոշման մեջ:
«Մենք ձգտում ենք, որ հնարավորինս քչացվի ներկրող-մաքսավոր կապը: Այս որոշումով մաքսային բրոքերները, մաքսային արտաքին տնտեսվարող գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունենալու ինքնահայտագրման միջոցով հայտարարագրել իրենց ներկված ապրանքը: Ավտոմատ ծրագիրը արդեն, առանց մաքսավորի ընտրողականության, ռեժիմը ընտրելու միջոցով կհավաստի, թե տվյալ հայտարարագիրը ճիշտ է , թե ոչ,- նշեց Գագիկ Խաչատրյանը`ավելացնելով,-Նախկինում մաքսավորն էր ցուցումներ տալիս` ճի՞շտ է , թե՞ ոչ: Ծրագիրը ավտոմատ ասում է, այս կետերը չեն համապատասխանում, պետք է ճշտումներ արվի: Առաջին անգամ այս որոշումից հետո մաքսային մարմիններում կֆիքսվի ավտոմատ համակարգի կողմից հայտարարագրման ժամկետը, ամիսը եւ օրը, որը շատ կարեւոր է հետագա գործունեության համար»:
Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալն ասաց, որ կան ընտրողականության կանաչ, դեղին եւ կարմիր ուղիներ, որոնցից երկուսը մնացել են անփոփոխ, միայն դեղինն է փոփոխվել: «Դեղին ուղիիում նախկինում կատարվում էր մաքսային զննություն, հետո փաստաթղթային, հետո եթե կարիք կար, նորից զննում էին անցնում, հիմա չի անցնում այդ պրոցեդուրան, հիմա միայն փաստաթղթային ստուգում է, բացառիկ դեպքերում մաքսավորի գրավոր կասկածի հիման վրա նոր մասնակի զննում,- ասաց նա,-Ավտոմատ համակարգը այդ ուղիները ընդունում է այն չափանիշներով, որ ինքը ծրագրի մեջ ունի հաստատված. դրանք են ռիսկային երկրները, դրանք են թմրանյութներ, արտադրող երկրները, լատինական ԱՄՆ մի շարք երկրներ եւ այլն»:
Ի դեպ, անցած տարվանից մաքսային կոմիտեն փորձնական կարգով անցել էր այս գործունեությանը: Եւ այդ ցուցանիշներով` 15 տոկոս ունեցել են դեղին ուղիով անցնողներ, 60 տոկոս կանաչ ուղիով, մնացածը` կարմիր ուղով: