Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐԵՑ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («ԱՄՕ» ընկերությունը) դիմել է Հանձնաժողով, խնդրելով վերանայել «ԱՄՕ» ընկերության կողմից ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) փոփոխության հարցը: Գրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

Ընկերությունը ներկայացրել է ավիավառելիքի գնի փոփոխությունը հիմնավորող տեղեկանք-հիմնավորում, համաձայն որի, ձեռքբերման եւ իրացման գների տարբերության (մարժայի) փոփոխությունը հիմնավորող գործոնները երեքն են` ծախսերի աճ, ձեռքբերման գնի աճ եւ ԱՄՆ դոլարի գնողունակության անկում: Համաձայն գրության, ծախսերի աճը պայմանավորված է անձնակազմի ավելացմամբ, աշխատավարձերի բարձրացմամբ եւ պարտադիր սոցապ վճարների դրույքաչափերի բարձրացմամբ, մաշվածության ծախսերի աճով` նոր ձեռքբերված հիմնական միջոցների հաշվին, կոմունալ ծախսերով եւ այլն: Ըստ ընկերության, ավիավառելիքի ձեռքբերման գինը բարձրացել է շուրջ 2 անգամ, ինչն էլ իր հերթին բերել է ավիավառելիքի պաշարների ձեւավորման համար 2 անգամ ավելի ֆինանսական միջոցների ներգրավմանը: Բնապահպանական վճարը, որը վճարվում է մաքսային սահմանի վրա, ըստ ընկերության, ավիավառելիքի ձեռքբերման գնի հետ կապված եւս աճել է: 2005-2007 թթ. ԱՄՆ-ում ինֆլյացիան գումարային հաշվարկով կազմել է 10 տոկոսից ավելի, հետեւաբար, նախկին 56 ԱՄՆ դոլարի (նախկինում 1 տոննա ավիավառելիքի իրացումից ստացվող շահույթ) չափով շահույթը համապատասխանելու է ներկայիս 62 ԱՄՆ դոլարին: Նշված պայմաններում, ներկայիս 1164 ԱՄՆ դոլար ձեռքբերման գնի դեպքում, «ԱՄՕ» ընկերությունը առաջարկում է 141 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերման եւ իրացման գների տարբերություն (մարժա), որն էլ 35000 տոննա ձեռքբերման դեպքում կապահովի 62 ԱՄՆ դոլար շահույթ 1 տոննայի իրացումից:

Հանձնաժողովի` 2005 թվականի որոշմամբ 1 տոննա ավիավառելիքի համար սահմանվել է 99 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերման եւ իրացման գների տարբերություն (մարժա): «ԱՄՕ» ընկերությունն իր դիմումում խնդրել է ընդունել 141 ԱՄՆ դոլարի չափի ձեռքբերման եւ իրացման գների տարբերություն (մարժա) 1 տոննա ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռքբերման գնի պայմաններում:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովը գտավ, որ ներկայումս ավիավառելիքը 1164 ԱՄՆ դոլարով ձեռքբերելու պայմաններում համապատասխան հիմնավորումներով (ծախսերի եւ շահույթի ներկայացված հաշվարկներին համապատասխան) ընդունելի է ,ԱՄՕե ընկերության առաջարկած 141 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժան) եւ հավանություն տվեց «ԱՄՕ» ընկերության առաջարկին: Այս դեպքում Հանձնաժողովը կհամարի, որ «ԱՄՕ» ընկերության կողմից ավիավառելքի իրացման գինը հիմնավորված է: