Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵՆ

Տնտեսություն

Օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին հեռահաղորդակցման ոլորտում կունենանք բջջային 3-րդ օպերատոր: Մրցույթը կանցկացվի մայիսին, որի համար արդեն իսկ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մամուլի պատասխանատու Մարիամ Ստեփանյանը՝ մրցութային հանձնաժողովն իր կողմից սահմանվելիք չափորոշիչները՝ մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն արդեն որոշել է:

Ըստ Ստեփանյանի՝ երբ կազմավորվել է մրցութային հանձնաժողովը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը դեռ զբաղեցնում էր Անդրանիկ Մանուկյանը, հենց նա էլ ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ին, ապա այն, ըստ Մարիամ Ստեփանյանի՝ ընդամենը մրցութային հանձնաժողովի անդամ է՝ ներկայացված ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ հեռահաղորդակցման բաժնի պետ Գեւորգ Գեւորգյանի միջոցով:

Մարիամ Ստեփանյանի կարծիքով՝ 3-րդ օպերատորի գալով բջջային կապի գները միանշանակ կիջնեն եւ սակագնային տարբերությունները կլինեն դեպի դրական: «Եթե շուկան բացվում է եւ 3-րդ մրցակից է հայտնվում, խիստ տրամաբանական է, որ գներն էլի պետք է իջնեն: Բարձրացում միաշանակ չի կարող լինել: Առողջ մրցակցության մասին ես չեմ կարող երաշխավոր լինել, բայց որ կլինի մրցակցություն՝ շուկայի 3-րդ մասնակցով ներկայացված, դա միանշանակ է»,- ընդգծեց նա:

Ի դեպ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 3-րդ օպերատորի նկատմամբ հետաքրքրությունն արդեն մեծ է եւ նույնիսկ շրջանառվում է ռուսական «Մեգաֆոն» ընկերության անունը: