Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՆՏԱՌԸ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»

Մարզեր

Թեղուտի անտառի փրկության համար պայքարող բնապահպան-ակտիվիստների խումբը երեկ էկոլոգիական հեծանվաարշավ էր նախաձեռնել, որին մասնակցում էին 30-40 հեծանվորդ: «Հեծանվաարշավի նպատակն է հասարակությանը եւ պատկան մարմիններին ցույց տալ, որ մենք դեմ ենք, որպեսզի հատվի Թեղուտի անտառը: Դա մեր սեփականությունը չէ, անտառը մեզ կարծես «արենդայով» են տվել, մեր պապերը եւ մենք պետք է փոխանցենք այն հաջորդ սերունդներին,- նախքան հեծանվաարշարվի մեկնարկը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիտս Մարիամը,- Ցանկանում ենք գտնել կայուն զարգացման այլընտրանքային միջոցներ, որոնցից մեկը հանքի փակ շահագործումն է, թող գերշահույթ չստանան, ստանան շահույթ, բայց բնությունն էլ չավերեն»:

Հեծանվորդներն ուսերին ամրացրել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Փրկենք Հայաստանի բնությունը», «Ես շնչել եմ ուզում», «Փրկենք Թեղուտը» եւ նմանատիպ այլ գրություններ:

Հեծանվաարշավին մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքով` «սա մի ճանապարհ է, որը պետք է օգտագործվի ի նպաստ հանքավայրի շահագործման կասեցման»:

Հեծանվաարշավի մայրուղին անցնում էր Երեւանի կենտրոնական հատվածներով. Մատենադարան, Բաղրամյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ եւ այլ վայրեր: Երթի ընթացքում երիտասարդ բնապահպաններին էր միացել 67-ամյա մի պապիկ, ով «Ա1+»-ին պատմեց, որ ինքը հեծանվով երթեւեկում է 14 տարեկանից: «Սկզբում անգամ չգիտեի, թե Թեղուտի անտառը որտեղ է գտնվում, բայց այժմ գիտեմ եւ պետք է պայքարեմ մեր բնության համար»,- ասում է 67-ամյա Ալբերտ Մինասյանը:

Նշենք, որ բնապահպան-ակտիվիստները հեծանվաարշավն անցկացնելու համար չէին դիմել քաղաքապետարան, քանի որ, ինչպես բացատրեց Զարուհի Փոստանջյանը, հեծանվաարշավին մասնակցում էին 30-40 հեծանվորդ, իսկ դա նշանակում է, որ այն ոչ զանգվածային միջոցառում է եւ քաղաքապետարանից թույլտվություն ստանալու կարիք չկար: Հեծանվորդներին ոստիկանները կանգնեցրել են Պռոշյան փողոցում եւ հորդորել քշել ոչ թե փողոցով, այլ մայթով` երթեւեկությունը չխանգարելու համար: «Հեծանիվը նույնպես երթեւեկության միջոց է, այնպես որ մենք երթեւեկելու նույն իրավունքն ունենք, ինչպես ավտոմեքենաները»,- ասում է բնապահպան-ակտիվիստ Վարդանը:

Հեծանվորդներն շրջեցին Երեւանի կենտրոնով եւ վերադարձան Մատենադան, որտեղ էլ արշավն ավարտվեց: