Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ

Մարզեր

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է առանց գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի: Թեեւ մշակույթի նախարարը խոստացել է, որ շուտով կզբաղեցվեն այդ երկու հաստիքները, սակայն թատրոնի տնօրինությունը դեռեւս տեղյակ չէ, թե ով է պաշտոնների հավակնորդը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը դիմում էր ներկայացրել տնօրինությանը աշխատանքից ազատման մասին: Թեեւ դիմումը մերժվել էր, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ նա չի ներկայանում աշխատանքի:

Պարոն Ծատուրյանը հայտնել էր, որ հեռացել է թատրոնից, որովհետեւ տեսել է հանդիսատեսի պակաս եւ ցավալի է համարում , երբ երեք ամիս աշխատելուց հետո ներկայացումը բեմադրվում է ընդամենը 3-4 անգամ` այն էլ կիսադատարկ դահլիճում: Սակայն նրա հեռանալուց հետո թատրոնը շարունակել է ներկայացումներ բեմականացնել եւ նույնիսկ մրցակից հանդիսացել մայրաքաղաքի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի համար:

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Էդուարդ Պողոսյանի կարծիքով` «Գիտեք, գեղարվեստական ղեկավարի եղած ժամանակ էլ թատրոնն աշխատել է նույն ռիթմով, չէղած ժամանակ էլ: Թատրոնն ունի իր ռեժիսորները, բեմադրիչները եւ գեղարվեստական ղեկավարի բացակայություն չի զգում»:

Սակայն կան դերասաններ, ովքեր ունեն այլ վերաբերմունք թատրոնում գեղարվեստական ղեկավարի դերի նկատմամբ: Ընթացիկ ներկայացումներում աշխատում են թատրոնի ռեժիսորները` հետեւելով բեմականացումների որակին եւ արդիական շնչին: Իսկ հիմնականում թատրոնն աշխատում է հրավիրված ռեժիսորներով, ինչն, ըստ պարոն Պողոսյանի` դրական ազդեցություն է թողնում թատերական կյանքի վրա. «Ինչքան լավ է, երբ դերասանը հաճախ հանդիսատես է փոխում, ռեժիսոր է փոխում: Նա ավելի շուտ է զարգանում, ավելի լավ է զարգանում: Փոխվում է ձեռագիրը»:

Էդուարդ Պողոսյանը գլխավոր ռեժիսորի դերը բարձր է գնահատում որպես թատրոնի անբաժանելի մաս: Իսկ առաջիկայում մտադիր է դիմել մշակույթի նախարարություն Գյումրիի թատրոնում առանց գեղարվեստական ղեկավարի գործունեության փորձաշրջան անցկացնելու համար: Պարոն Պողոսյանը վստահ է, որ փորձաշրջանը հաջող կընթանա եւ իրենք կապացուցեն, որ թատրոնում այդ հաստիքն ավելորդ է: Դրանով հանդերձ մշակույթի նախարարը մտադիր է նոր գեղղեկավար առաջադրել Գյումրիի թատրոնին:

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց. «Առայժմ լինելու են 2-3 հրավիրված ռեժիսորներ, որոնք արդեն սկսել են իրենց աշխատանքները: Ժամանակը ցույց կտա ` ով կձւավորվի որպես գեղարվեստական ղեկավար»:

Պարոն Պողոսյանը նշեց, որ իրեն պաշտոնապես ոչինչ չեն հայտնել նոր գեղարվեստական ղեկավարի վերաբերյալ եւ ինքն այդ մասին միայն շշուկներ է լսել:

Գյումրի, Ցայգ ՀՌԸ