Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԸ

Մարզեր

Որքան էլ խոստումնալից էր թվում գյուղատնտեսական տարվա սկիզբը, այնուամենայնիվ, արդեն տեսանելի են ձմռան տեւական ցրտի հետեւանքները: Արմավիրի մարզի շատ համայնքներում գյուղացիները կանգնել են լուրջ փաստի առաջ: Ամենուրեք կարելի է հանդիպել չորացած եւ չորացող ծառերի, որի պատճառը, ըստ գյուղացիների, ձմռան ցուրտն է: Գյուղացիներից շատերն այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնած: Նրանք կարծում են, որ եթե այսպես շարունակվի, կարող են կորցնել ամբողջ տարվա բերքը: Խանջյան համայնքի բնակիչներից մեկը պատմում է, որ արդեն 15 տարի է զբաղվում է դեղձի մշակությամբ: 5 տարի առաջ նա, նույն խնդրի առաջ կանգնելով, քանդել է այգին ու հիմնել նորը: Այս տարի կրկին նույն փորձության առաջ է կանգնած:

Գյուղացիներն իրենց մտահոգությունը հայտնել են նաեւ Արմավիրի մարզպետարանին: Այստեղից տեղեկացրին, որ կազմվել է հատուկ հանձնաժողով, որը մարզի համայնքներում կատարում է ուսումնասիրություն եւ գնահատում վնասի չափերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ցուրտն առավել ազդել է դեղձենու եւ խաղողի այգիների վրա: Համեմատաբար լավ վիճակում են կեռասենու այգիները: Իսկ ծիրանի բերքն Արմավիրի մարզում այս տարի առատ է: Ուսումնասիրության արդյունքների համաձայն ցրտահարությունն ավելի շատ ազդել է լեռնային շրջաններում, մարզի կտրվածով առավել վնաս են կրել Բաղրամյանի տարածաշրջանի համայնքները:

Նշենք, որ խաղողի դեպքում ցրտահարվել են միայն չթաղված կամ ցելոֆանով ծածկված այգիները: Այն գյուղացիները, ովքեր իրականացրել են այգեթաղը, վնասներ չեն կրել: Ուսումնասիրությունները շարունակվում են եւ վնասի աբողջական չափը պարզ կլինի մոտ օրերին:

Արմավիրի «Ալտ» հ/ը