Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՂՈՒՄՆԵՐ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐՈՒՄ

Մարզեր

Կարտոֆիլի դաշտն ընդարձակելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքում Շիրակի մարզի Ազատանի բնակիչներից մեկը հանդիպել էր խոշոր սալաքարերի` չկասկածելով, որ դրանք իրենց տակ ժամանակակից մարդու աչքից մոտ 3 հազար տարվա գաղտնիքներ են թաքցնում: Գտածո սալաքարերի մասին տեղեկացել էին Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցները: Սալաքարերը, մեծ ծավալների ու զանգվածի պատճառով, հեռացվել են ավտոկռունկով: Հետո սկսվել են հողաշերտերի մաքրման աշխատանքները:

«Առաջին դամբարանը պեղվեց: Դա մի թաղում էր մի տղամարդ ձիու հետ եւ ամբողջ հանդերձանքով զենքով, զրահով եւ այլն: Բնականաբար նաեւ այլ ուղեկցող իրերով, նաեւ կավանոթներով»,- ասաց Հուշարձանների պահպանության գործակալության «Արագածոտն-Շիրակ» տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը: Մ.թ. ա. 7-րդ դարի դամբարանը ունի մոտ 4 մետր երկարություն, մոտ 2 մետր խորություն:

Լարիսա Եգանյանը հակված է կարծելու, որ այս դամբարանի չափերը, հետեւաբար հուղարկավորման աշխատանքների ծավալները խոսում են հասարակության մեջ մարդու ունեցած դիրքի ու ապրելակերպի մասին: Ոսկրաբանական ուսունասիրությունների արդյունքներ դեռեւս չկան: Պեղումները դեռ կշարունակվեն: Իսկ նախնական դիտարկումները ցույց են տվել, որ հնագետների համար հետաքրքրություն ներկայացնող այս տարածքը բավականին մեծ մակերես է ընդգրկում:

Առավել ընդարձակ է երկրորդ դեռեւս պեղվող դամբարանը` 4,5 մետր երկարություն, ավելի քան 2 մետր լայնություն եւ հավանաբար մեկ ու կես մետր էլ խորություն: Վերին շերտից արդեն գտնվել էին թվով 5 նետասլաքներ, անոթների բեկորներ:

Լարիսա Եգանյանը չէր բացառում, որ նրա հետ նաեւ ամբողջական իրեր թաղվեին:

Սպասքի կոտրելու ծեսը պահպանվել էր մինչեւ անցած դարի 70-ականները, երբ հենց գերեզմանի վրա կոտրվում էին բաժակները: Լրացուցիչ պեղվելու են դամբարաններից եւս մի քանիսը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում դրանք ավերումից փրկելու նպատակով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ