Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՔՈՐԸ

Մշակույթ

Ոչ թե միամիտ ու անկեղծ, այլ` խաբեբա եւ սրտակեր: Ըստ գրող-դրամատուրգ, իր իսկ բնորոշմամբ` միամիտ լոռեցի Հովհաննես Հովհաննիսյանի` հենց այսպիսին է ժամանակակից Գիքորը, որը գրեթե ոչնչով նման չէ թումանյանական Գիքորին: Օրինակ` եթե Թումանյանի Գիքորը քրոջ համար փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու քորոցներ էր հավաքում, ապա Հովհաննես Հովհաննիսյանի պիեսի Գիքորը քույրերին ու եղբայրներին «ֆիրմըննի» ջինսեր ու «Գրանդ Քենդի» կոնֆետներ է գնում: Նա Արտեմ աղայից 50.000 դոլար է վերցնում բենզինի «գործ դնելու» համար եւ պարտքը չի վերադարձնում:

Իսկ Արտեմի կինը` Նատոն, ի տարբերություն Թումանյանի Նատոյի, ոչ թե ատում է Գիքորին, այլ չի առարկում, որ գեղջուկ երիտասարդը սիրահետի իրեն: Երբ Արտեմը տեսնում է, թե ինչպես է Գիքորը համբուրում իր կնոջը, խելագարվում է, եւ նրան հոգեբուժարան են տանում: «Գիքորը Գոքոր է դարձել…վա~յ մեր ապագային»,- ասում է Արտեմը` ցավով հասկանալով, որ երեկվա գեղջուկը քանդեց իր տունը, ապրուստն ու կնոջը խլեց ձեռքից:

«Ժամանակակից Գիքորը» պիեսը բեմադրվել է պետական ճարտարագիտական համալսարանում եւ Գրողների միության դահլիճում: Պիեսի հերոսներին մարմնավորել են ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, այլ ՀՊՃՀ-ի ուսանողները, որոնք պիեսի հեղինակի կարծիքով` բավականին հաջող են հանդես գալիս: Հովհաննես Հովհաննիսյանը, ով 4 պիեսների հեղինակ է, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը գրում է այն, ինչ տեսնում է. «Թող լավը լինեն, ես էլ լավը կգրեմ»:

«Ժամանակակից Գիքոր»-ի գաղափարը, հեղինակի խոսքով, ծնվել է տարիներ առաջ: «Ես մի փոքրիկ չափածո գործ էի գրել Գիքորի մասին, հետո տեսա, որ այսօր կան Գիքորներ, որ Գոքորներ են դարձել, եւ ստեղծեցի ինձ համար սիրելի այս պիեսը»,- ասում է Հովհաննես Հովհանիսյանը: Դրամատուրգի խոսքերով` ինքը չունի ուժային լծակներ ժամանակակից Գիքոր-Գոքորների դեմ պայքարելու համար. «Չեմ էլ ուզում պայքարել: Ես ուղղակի տեսնում եմ եւ գրում եմ` հետեւությունները թողնելով հանդիսատեսին»:

«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում դրամատուրգը «Ժամանակակից Գիքորը» բեմադրել ավելի մեծ բեմերում, պիեսի հեղինակը պատասխանեց. «Դա կլինի կամաց-կամաց, ես լավատես մարդ եմ: Չեմ շտապում, ես միտք ունեմ 211 տարի ապրեմ, որ Երեւանի 3000 ամյակին մասնակցեմ»:

Ներկայումս Հովհաննես Հովհաննիսյանը աշխատում է իր նոր` «Սիրո ուժը» պիեսի բեմականացման աշխատանքների վրա: «Պիեսում պատկերված է ներկայիս կյանքը, որը նաեւ արդիական կլիներ անցյալ ժամանակների համար: Այստեղ հաղթում է սերը»,- ասում է դրամատուրգը: