ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՎԱԶԴԻ ԿԱՐԻ՞Ք է ԶԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Գրքերի աշխարհ» խանութի հայկական բաժնի ղեկավար, բանասեր Ազատուհի Առաքելյանը նկատում է, որ խանութի ռուսական բաժնում այցելուների թիվը շատ ավելի մեծ է. ռուսական գրականությունը այսօր ավելի լավ է վաճառվում քան հայկականը: «Իմ կարծիքով` պատճառը որակի մեջ է, որովհետեւ Սեւակի նկատմամբ հետաքրքությունը այդպես էլ չի մարում: Միգուցե ժամանակակից գրողները չեն կարողանում գտնել այն երակը, որը կկարողանար հետաքրքրել այսօրվա մարդուն:Նրանք լուրջ գրականությամբ հանդես չեն գալիս»,-ասում է նա:
«Գրե» գրական թերթի խմբագիր, արձակագիր Գուրգեն Խանջյանը կարծում է, որ ընթերցողների սակավաթվության պատճառը ոչ թե գրականության անորակությունն է, այլ ժամանակի փոփոխությունը: Նրա կարծիքով` այս պահին «Գրե» թերթում տպագրվող շատ տաղանդավոր գրողներ կան, ովքեր մեր վաղվա գրականության արժանավոր առաջատարներն են լինելու: Սակայն, այնուամենայնիվ նրանք այժմ ճանաչված չեն: «Շատերը կարող են մտածել, որ պրոպագանդա չկա, սակայն, իմ կարծիքով, մեղքը ժամանակինն է. մարդիկ ժամանակ չունեն նստել, ինչ-որ լուրջ բաների մասին մտածել: Հասկանու՞մ եք` դա նրանց ալիբին է, ավելի լավ է ասել ժամանակ չկա ու չկարդալ: Մանավանդ այժմ այդ միտքը շատ է արծարծվում»,-ասում է արձակագիրը:
PR մասնագետ Արամ Մկրտչյանը նկատում է, որ վերջին տարիներին թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ թափով աճել է եւ դա հիմնականում կապում է գովազդի հետ. «Ի հայտ եկան ներկայացումները գովազդող մեծ պաստառներ, հեռուստատեսությամբ սկսեցին գովազդվել տարբեր ներկայացումներ, եւ արդյունքում այսօր ունենք լեփ-լեցուն դահլիճներ: Նույնն էլ պետք է անել գրականության հետ: Այսօր գրականությանը միայն գովազդն է պակասում»:
Իսկ արձակագիր Գուրգեն Խանջյանը չի կարծում, որ գրականությունը պետք է գովազդվի. «Գրականություն սիրող եւ կարդալ ցանկացող մարդիկ իրենք կպրպտեն ու կգտնեն իրենց հետաքրքրով գրականությունը: Գրականությունը անմակարդակ շոու-բիզնես չէ, որպեսզի հեռուստատեսությամբ գովազդվի: Ես նախընտրում եմ ունենալ 300 ընրերցող, եւ եթե հանկարծ իմ գրածը կարդա 3 միլիոն մարդ, ես կկասկածեմ, որ լավ բան եմ գրել, քանի որ չեմ ուզում , որ իմ գրածը կարդա նույն մարդը, ով, օրինակ, ռաբիս երգի տեսահոլովակ է նայում: Ոչ մի նորմալ գրող այդ մասսայի համար չի գրում»,-ասում է արձակագիրը: