ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ
Աջակցիր «Ա1+»-ին2006-ին ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 37 կմ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից սկիզբ առնող ջրատարը պետք է սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան գյուղերում ոռոգելի դարձնի շուրջ 1100 հա հողատարածք: Ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր ավարտել այս տարվա հուլիսին: Հետո որոշվեց ջրագիծը գործարկել նոյեմբերին:
Շինարարության ընթացքում հարկ եղավ փոխել նաեւ նախագիծը: Ջրատարի շինարարությունը իրականացնում են 3 կազմակերպություններ: Ջրատարի շինարարության վերահսկողությունն իրականացնող Սմբատ Գասպարյանի վկայությամբ` շինարարությունը կատարող 2 կազմակերպությունները հիմնականում կատարել են իրենց գործը: Վիճակն այլ է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի(ով հայտնի է «Ճոյտ» մականունով) շինարարական կազմակերպությանը հանձնված հատվածում: Այս 11 կմ-ոց հատվածից խողովակաշարի համար անցուղի է փորված միայն 7 կմ-ում, իսկ խողովակաշարն անցկացված է լոկ 2 կմ հատվածում:
Իսկ 2 կմ-ն էլ լեռնային, դժվարամտչելի տեղանքում է, ուր պետք է պայթեցումներ արվեն: Այս ընկերությունը, չունենալով սեփական հզոր տեխնիկա, ստիպված է եղել «Կամացու» տրակտոր վարձակալել Իջեւանի մի շինարարական կազմակերպությունից: «Կամացուն» աշխատեցնող տրակտորիստի հետ օրական վարձատրության հարցում համաձայնության չեն եկել, եւ վերջինս թողել է այս աշխատանքը:
Կազմակերպությունը այս մրցույթը շահելուց հետո Հակոբ Հակոբյանը խնդիրներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան իշխանավորների եւ օրենքի հետ: Մտահոգված լինելով այս հոգսերով` նա բավական ուշ սկսեց զբաղվել սույն ջրատարով: Սկզբում նա ոչ պաշտոնական, բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերել այս ջրատարի մեկ այլ հատվածը կառուցող «Ասկա» կազմակերպության հետ` որպեսզի վերջինս կառուցի նաեւ իր հատվածը: Ինչ-ինչ խնդիրների պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, եւ հիմա ինքը պիտի կառուցի մրցույթով իրեն տրված հատվածը: Սակայն ծագել են նոր խնդիրներ:
Շինարարությունը ձգձգվել է, այդ ընթացքում տեղի է ունեցել դոլարի արժեզրկում(ԻՖԱԴ-ի ծրագրերը ֆինանսավորվում են դոլարով): Բացի այդ, նախագծի փոփոխումով ջրագծի երկարությունը մեծացել է, ինչի հետեւանքով եւս լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում: Սակայն ե՞րբ կլինի այն, եւ ե՞րբ Հակոբ Հակոբյանը շինտեխնիկա կճարի իրեն վստահված հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու: Սահմանագոտու բնակիչները տուժում են` արդեն 17 տարի ոռոգման ջուր չունենալով:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ