ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ԾԱԽՎԱԾ ՉԵՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՊարոն Պետրոսյան, շատերը Ձեզ «մեղադրում են», որ ապրում եք արտերկրում, միայն ժամանակ առ ժամանակ գալիս եք Հայաստան, ներկայացում եք բեմադրում, փող աշխատում ու կրկին հեռանում:
Ինձ համար շատ դժվար է արդարանալ, որովհետեւ արդարանալ արդեն նշանակում է կիսով չափ մեղավոր զգալ: Իմ հոգու խորքում կա մի ծանր զգացում, որը կարմիր թելի պես առկա է իմ բոլոր ներկայացումների մեջ: Սակայն այդ մեղքի զգացումը կոմպենսացվեց եւ այն էլ ինչ ծանր աշխատանքով. 12 տարի ես հայաստանյան բեմերում եմ եւ ակտիվացնում եմ թատերական կյանքը: Թող ինձ ասեն, Հայաստանում ապրող մի դերասանի կամ թատերական գործչի անուն, որն այդ տարիներին իմ չափ պրոդուկտիվ է եղել: Եվ արդյո՞ք իմ աշխատանքը, իմ աշխարհ տեսնելը, իմ զարգանալը, այդքան նոր ներկայացումներ բեմադրելը չանդրադարձան իմ արվեստին, եւ արդյո՞ք ես իմ ձեռքբերածը չբերեցի Հայաստան եւ ի վերջո` արդյո՞ք այդ փողը, որն այսօր այդքա՜ն հետաքրքրում է այդ մեղադրողներին չի վաստակվել սեփական եւ արդար քրտինքով:
Իսկ այնուամենայնիվ, ինչն էր պատճառը, որ հեռացաք եւ մինչեւ հիմա այստեղ չեք ապրում:
92թ.-ին ծանր ժամանակներ էին: Նորանկախ Հայաստան. փլուզվել էին քաղաքական, հասարակական եւ բարոյական կարգերը, ջահելները հացի հերթում ծեծում էին տատիկ-պապիկներին, ես այլ Հայաստան էի տեսել, եւ այժմ էլ այդ եմ տեսնում, բայց այն ժամանակ, ես կարծես պապանձվել էի, չէի կարողանում ստեղծագործել, բեմադրել, խաղալ եւ անձնական կյանքում խնդիրներ ունեի: Դեպրեսիվ վիճակում էի, եւ ես խոստովանում եմ, որ դա փախուստ էր, փախուստ ինքս ինձնից: Սակայն մեծ բախտ ունեցա, եւ ինձ Ֆրանսիայում շատ լավ ընդունեցին, օր ու գիշեր աշխատում էի, ինքս ինձ սպանելով աշխատում էի: Եվ կարողացա մտնել ֆրանսիական թատրոն: Ես շատ մեծ աշխարհ դուրս եկա եւ հեռվից իմ փոքրիկ երկիրն ինձ ավելի սիրելի երեւաց: Եւ շատ հարցերի ու խնդիրների լուծումը տեսա, հասկացա, թե որն է իմ խաչը, իմ ճակատագիրը: Ամեն տարվա հինգ-վեց ամիսը Հայաստանում էի, եւ անցկացնում էի փոքրիկ որդուս հետ: Ինձ համար ամենացավալի պահը այն գիշերն էր, երբ նորից պիտի մեկնեի Ֆրանսիա, ես նրան ավանդական հեքիաթն էի պատմում, եւ վերջում խնդրում. «Հա՛յկ ջան, հիմա գնում եմ, բայց դու մի՛ վեր կաց ու պատուհանից մի նայիր», բայց ամեն անգամ դրսից տեսնում էի պատուհանից դուրս նայող նրա փոքրիկ գլուխը յուրաքանչյուր մարդ կրում է իրեն հասանելիք տառապանքը: Միայն ինձ է հայտնի, թե ինչ տառապանքներ եմ այնտեղ կրել, սակայն ուրախ եմ, որ այն տարիներին իմ բարձր աշխատավարձով Հայաստանում 6-7 ընտանիք եմ պահել Ի դեպ, ես այստեղ մի փոքրիկ տնակ եմ գնել եւ շատ շուտով կտեղափոխվամ Հայաստան: Սակայն ես համոզված եմ, որ այն նույն մարդիկ , որ հիմա ինձ մեղադրում են, կրկին ասելու են.«Բա տղա էր, թող ընդեղ մնար, չկարողացավ»:
Ձեր բոլոր ներկայացումներում առկա է քաղաքականությունը: Փաստորեն` Դուք Ձեր բողոքի ձայնը միայն բեմերից եք արտահայտում, մինչդեռ կան արվեստագետներ, օրինակ Երվանդ Մանարյանը, Ռազմիկ Դավոյանը, որոնք ակտիվ մասնակցեցին քաղաքական քարոզարշավին:
Կարծում եմ, որ եթե զբաղվում ես քաղաքականությամբ, ապա տուժում է արվեստը, եթե տրվում ես արվեստին, ապա չես կարող քաղաքական գործում շատ ակտիվ լինել: Ես ընտրել եմ բեմը: Եթե մի օր զգամ, որ այլեւս բեմից ասելու բան չունեմ, ապա միգուցե գնամ միտինգներ: Եթե ես ամբողջությամբ տրվեմ քաղաքականությանը , ապա կկորցնեմ, թատրոնը, իսկ ես ինձ ավելի ուժեղ եմ զգում թատրոնում, եւ դեռեւս իմ խոսելու տեղը բեմն է:
Ձեր վերջին ներկայացումը գրել եք մարտի մեկի դեպքերից հետո, հավանաբար իրադարձություններից ազդված: Ու՞մ եք մեղադրում այդ ամենի մեջ:
Առաջին հերթին` ինձ, որ այստեղ չեմ եղել: Ինչո՞վ կարող էի ես օգտակար լինել. չգիտեմ միգուցե ողբալով, մահացածների ընտանիքների հետ ողբալով իրենց զավակների կորուստը: Իսկ ինչ վերաբերում է, թե որ քաղաքական ուժին, ապա պարզապես չեմ ուզում պատասխանել, ես շատ բանավեճեր եմ լսել, եւ դրանք միշտ ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, եւ հիմա ինչ-որ մեկին մեղադրել առաջին հերթին կնշանակի ամպատվել զոհերի հիշատակը: Բոլորը գիտեն, որ ես ոչ մեկին «ծախված» չեմ, գիտեն նաեւ այն լրագրողները, որոնք պնդում են թե կաշառված եմ: Ես իմ ներկայացման մեջ փորձել եմ գտնել այն բարակ լարը, որից աջ կամ ձախ թեքվելը շատ վտանգավոր է, եւ կարծում եմ դա ինձ հաջողվել է: Ներկայացման ընթացքում անընդհատ պայթում է ծիծաղը, եւ դա աջ կամ ձախ թեւի չարախնդոց չէ: Ես նպատակ չունեմ սրան կամ նրան «կպնելու»:
Ինչու՞ ենք հայերս այսքան քաղաքականացված:
Այսօր, ցավոք,ամբողջ աշխարհն է քաղաքականացված: Մարդիկ ապրում են վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը սրտներում: Իսկ սա այն բանի հետեւանքն է, որ մարդու միջից հանեցին Աստծուն: Այսօր մարդը նման է փողոց շպրտված միայնակ ու դժբախտ փոքրիկ մանուկի: Իսկ մի ժամանակ դա այդպես չէր, իհարկե չկային մերսեդեսներ, սաունաներ, բայց կար հավատը, կար պատասխանատվության զգացում եւ շատ ու շատ բարձր արժեքներ, որոնցով ապրում էին մարդիկ:
Ձեր վերջին ներկայացման մեջ նշում եք, որ մեզ եւ աշխարհին պակասում է սերը: Ինչու է սերը կորել մեր սրտերից եւ արդյոք հնարավոր է այն երբեւէ վերականգնել:
Նույնիսկ եվրոպական ժպտադեմ մարդկանց կողքից նայելով` կարելի է նկատել, թե որքան երկրորդական, երրորդական տեղ է զբաղեցնում նրանց կյանքում սերը: Թե ինչու են մարդիկ իրար այդքան ատում` չգիտեմ: Եվ մենք միշտ պատժվում ենք դրա համար: Այսօր մենք շատ խորը սոցիալական խնդիրներ ունենք, որոնց արդյունքնում ստեղծվեց մի մեծ շարժում եւ դա պատահական չէ:Բայց սոցիալական խնդիրների հիմքում, որպես կանոն, ընկած են բարոյական խնդիրները. իսկ բարոյականությունն առանց սիրո կարող է դառնալ ինկվիզիցիա: Ու երբ ես փորձում եմ սեր տարածել մարդկանց վրա, ոմանք ինձ մեղադրում են` ասելով. «Մենք այստեղ միտինգներ ենք անում, իսկ դու սեր ես քարոզում», առանց հասկանալու, որ սիրո քարոզը պետք է հենց դառնության շրջանում: Սերը մարդկությանը Վերեւից տրված պարգեւ է, եւ տրվում է միայն այն ժամանակ, երբ մարդիկ դրան արժանի են: Իսկ մենք հիմա երեւի ատելությանն ենք արժանի, որովհետեւ մեր մեջ այնքան բացասական էներգիա կա Երբ մենք արժանի լինենք սիրո, Աստված կտա՛ մեզ եւ այդ Սերը
Զրուցեց` Լիլիթ Նուրիջանյանը