Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԸՆԿԵԼ ԵՆ

Տնտեսություն

Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում նվազել է բնակարանների նկատմամբ հետաքրքրությունը: Այդ են վկայում ոչ միայն «Ա1+»-ի` քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները, այլ նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «ՀՀ անշարժ գույքի շուկան 2008թ. օգոստոսին» վերլուծության արդյունքները: Հետաքրքրության անկման հետեւանքով այս ամիսներին նկատվում է նաեւ բնակարանների գների էժանացում :

«Արդեն երեք ամիս է բնակարանս հանել եմ վաճառքի, բայց կամ ուզող չկա, կամ էլ այնքան էժան են ուզում, որ ափսոսում եմ վաճառել»,- «Ա1+»-ին դժգոհեց Ավան համայնքի բնակչուհի Մարինե Թորոյանը: Տների առք ու վաճառքով զբաղվող Նոր-Նորքի բնակչուհի Էլենա Միրզոյանն էլ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ տների գներն ընկել են, քանի որ գնողները քչացել են. «Օր օրի տների գները ավելի են էժանանում: Արդեն երեք տարուց ավելի տների առքուվաճառքով եմ զբաղվում եւ գիտեմ բոլոր նրբությունները: Իմ հիմնական սպառողը արտերկի հայերն են, որոնք, չգիտես ինչու, վերջին շրջանում տուն չեն գնում հայրենիքում: Սակայն վստահ եմ, որ սա էլ մի շրջան է, գարնանը տների գները նորից կբարձրանան»:

Ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծության` Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը հուլիս ամսվա համեմատ նվազել է 17.7%-ով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ` 30.1%-ով: Երեւան քաղաքում 2008թ. օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2008թ. հուլիսի համեմատ նվազել են 1.8 %-ով: Օրինակ` եթե Կենտրոնում հուլիս ամսին բնակարանի 1 քմ-ը արժեր 494.800 դրամ, ապա մեկ ամիս անց այն արժեր 483.800 դրամ: Կամ ասենք, եթե Ավանում հուլիսին հնարավոր էր բնակարան գնել 1 քմ 276 000 դրամ, ապա մեկ ամիս անց` 271 100 դրամ:

Ի դեպ, ի հակադրություն Երեւանի, մարզերում նկատվել է գների թանկացումներ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերլուծության համաձայն, 2008թ. օգոստոսին հանրապետության մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2008թ. հուլիսի համեմատ աճել են 2.1%-ով: Այսինքն` եթե օգոստոսին մարդիկ, օրինակ Աբովյանում գնել են բնակարան 1 քմ-ը 177.000 դրամով, ապա հուլիսին այն արժեցել է 1000 դրամ էժան : Նաեւ նկատենք, որ Հայաստանում բավական տարածում են գտել հիփոթեքային վարկի միջոցով առքուվաճառք կատարելու գործարքները, եւ երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը բնակարան է գնում հիփոթաքով : Օրինակ` օգոստոսին հիփոթեքային գրավադրման գործարքներից 75.4%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 14.6%-ն` անհատական բնակելի տների, 3.5%-ն` հասարակական նշանակության օբյեկտների, 0.6%-ը` ամառանոցների, 1.2%-ն` ավտոտնակների եւ 4.7%-ը հողերի նկատմամբ, սակայն հուլիսի համեմատ քանակը նվազել է :