ԱՐԵՎԱԾԱՂԻԿ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ «ՄԵՂՄ» ԿՀԱՐԿՎԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀարկային վարչարարության բարեփոխումների ծրագիրն, ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանի՝ 2,5-3 տարի անց «էականորեն իրեն զգացնել կտա»: Իսկ որոշակի արդյունքներն արդեն կլինեն ամեն օր:
Ըստ նրա՝ այս ծրագրի շնորհիվ 3 տարի անց հայ հասարակությունը նոր իրավիճակի մեջ կհայտնվի եւ կմոռանա նախորդ շրջանը: Բարեփոխումների այս ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինը վերաբերում է խոշոր հարկատուների հետ աշխատանքին: Ըստ Չիլինգարյանի՝ հենց այստեղ էլ գործում է, այսպես ասած՝ «գորդյան հանգույցը»: Բանն այն է, որ սերտաճելով իշխանության հետ՝ խոշոր հարկատուների շրջանում է հենց խիստ տարածվել անարդար մրցակցությունը: Այդ իսկ պատճառով՝ ըստ Չիլինգարյանի՝ արդեն արվում են կոնկրետ միջոցառումներ լիարժեք, ժամանակին, հավասար հարկման դաշտ բերելու նրանց բոլորին: «Եվ դա արդեն տեսանելի է: Օրինակ՝ արդեն օրենք ենք ընդունել այն մասին, որ բիզնեսը տարանջատենք իշխանությունից: Ինչպես նաեւ՝ պարտադիր աուդիտ պետք է անցկացնել խոշոր հարկատուների ձեռնարկություններում՝ միջազգային անկախ ստանդարտների համաձայն»,- վստահեցնում է Ահարոն Չիլինգարյանը:
Բացի այդ՝ պարբերաբար կհրապարակվեն խոշոր հարկատուների ցուցակները, թե որոնք են նրանցից պարտաճանաչ կատարել իրենց հարկային պարտականությունները, որոնք՝ ոչ: Այդ նպատակով գործում է նաեւ թեժ գիծ, որի միջոցով պետական եկամուտների կոմիտեն ազգաբնակչությունից տեղեկանում է բացահայտած խախտումնեի մասին: Այժմ ստուգումներ են իրականացվում երեք ռիսկային բնագավառներում՝ սննդամթերք, շինանյութեր, ռադիոտեխնիկա: Սակայն դրանք ոչ այնքան ստուգումներ են, որքան կանխարգելման միջոցառումներ:
Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին կամ ձեռնարկատերերին, ապա ըստ նրա՝ արդեն ընդունվել է 17 օրենք եւ ՀՀ կառավարության 6 որոշում, որպեսզի ակնհայտորեն նոր դաշտ բացվի նրանց համար: Այս հարցում Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը կարծում է, որ օրենքները պետք է կատարելագործվեն: Ըստ նրա՝ հարկային նոր դաշտի անցումը հավասար պայմաններ է ստեղծելու բոլորի համար: «Կա կարծիք, որ դա բերելու է հարկային բեռի ծանրացման, սակայն դա այդպես չէ, այլ ընդամենը նպաստելու է օրինապահության բարձրացմանը: Այս խուճապի պատճառը երեւի այն է, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները սկսելու են իրենց կատարած ծախսերը փաստաթղթավորել, որն իր հետ կբերի որոշակի ֆինանսական ծախսեր: Օրինակ՝ դրանք կոշիկ վերանորոգողներն են, արեւածաղիկ վաճառողները, որոնց ծախսերն են ավելանալու, քանի որ սկսելու են հաշվապահ պահել, որը բավականին թանկ արժե»,- ավելացրեց նա:
Դրան ի պատասխան Չիլինգարյանն ասաց, որ հենց հիմա կա մի նախագիծ, որը քննարկվում է նախարարությունների մեջ: Ըստ այս նախագծի՝ մոտ 50 նման մանր բիզնեսների՝ կոշիկ վերանորոգողների, ռեպետիորների եւ այլնի համար այդքան մեծ ռեսուրս չի ծախսվի, որքան խոշոր հարկատուների վրա: Այն հարցին, թե եթե օրինակ՝ փոքր բիզնեսի նկատմամբ մեղմ է լինելու հարկային ճնշումը, ապա՝ պետությունն ի՞նչ օգուտ ունի դրանից, Չիլինգարյան պատասխանեց. «Այս ամենն օգուտի համար չի արվում. պետությունն այդ գումարների հույսին չի մնացել, խոշոր բիզնեսները կարող են լիուլի նրանց տեղը փակեն իրենց վճարումներով: Խնդիրն հասարակության մեջ հավասար հարկման կուլտուրա զարգացնելն է, համերաշխության մթնոլորտի ստեղծումն է: Առանձնապես նրանց չենք էլ հարկելու, այլ կոչ ենք անելու գալ հարկման դաշտ: Վերջապես բոլորը պետք է իմանան, որ կա վերահսկողություն»: