Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

Տնտեսություն

«2008-ին Հայաստանը կունենա երկնիշ իրական ՀՆԱ` մոտ տասը տոկոսի սահմաններում` շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ, տարեվերջին սպառողական գնի ինդեքսի աճը կկազմի 7 տոկոս, իսկ պետբյուջեն կունանա ՀՆԱ 1.2 տոկոս-ի չափով պակասորդ»,- այս կանխատեսումները արել են հայկական 100 մասնավոր հատվածի ձեռնարկությունները / 50-500 աշխատող/, երբ պատասխանել են «Գրանթ Թորնթոն» ընկերության 2007-ի վերջին արված հարցումներին:

Երրորդ տարին է, որ ընկերությունը մեր երկրում հարցումներ է անցկացնում` հիմք ընդունելով մասնավոր ձեռնարկությունների ակնկալիքներն ու սպասելիքները: Ցուցանիշները ամփոփում է եվրոպական «Էքսպերիան» սոցիոլոգիական ընկերությունը: Դրանք արտացոլվում են Միջազգային գործարար զեկույցում:

«2008-ի նկատմամբ հայ գործարարների կանխատեսումները արդարացել են, լավատեսությունը` աճել: 2007-ի համեմատ /57 տոկոս/ այն կազմել է 61 տոկոս »,- զեկույցի հրապարակման ժամանակ տեղեկացրել է «Գրանթ Թորնթն Ամիօ» ՍՊԸ ղեկավար, մեր երկրում ՄԳԶ ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը: Համաձայն փաստաթղթի, Հայաստանում զբաղվածության իրական աճի ցուցանիշը այս տարի կանխատեսված 67տոկոսից ցածր է /56 տոկոս/, զարգացած չէ նաեւ ներմուծման շուկան. հայ գործարարների երկու երրորդը իրենց հիմնական մրցակիցն են տեսնում տեղական շուկայում: Արտացոլվել են նաեւ մի շարք խոչընդոտներ, ինչպիսիք են` երկարաժամկետ ֆինանսավորման եւ պատվերների պակասը: Իսկ օրինակ` հմուտ աշխատուժի պակասը, որը համաշխարհային մակարդակով կազմում է 35 տոկոս, մեր երկրում չի նկատվում /ընդամենը 19 տոկոս/:

«Աշխարհում արագ զարգացող խոշոր տնտեսություններն են Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը: Միջազգային Գործարար Ծրագրում ընդգրկված 34 երկրների շարքում Հայաստանը տոկոսային առումով այս տարի բավականին բարձր դիրքեր ունի, սակայն այս պահին դժվարանում եմ ասել, որերորդն է: 2007-ին օրինակ, մենք եղել ենք լավագույն տասնյակում»-նշեց Գուրգեն Հակոբյանը: Հարցին` արդյո՞ք ներքաղաքակայն լարվածությունը` Հայաստանի դեպքում մարտիմեկյան իրադարձությունները, արտացոլվում են միջազգային զեղկույցում, նա պատասխանեց. « Հարցումները մասնավոր հատվածի ձեռնարկություններին ուղարկվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին եւ 2008-ի իրադարձությունների ազդեցությունը հայտնի կդառնա միայն 2009-ի սեպտեմբերին»: