Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԼՈՒ՞ՐՋ ՄԱՐԴ Է

Տնտեսություն

«Տիգրան Սարգսյանը տարիներ առաջ հայտարում էր, որ մենք կայացած բանկային համակարգ ունենք, որն ինտեգրված է համաշխարհային բանկային շուկային, հիմա նրա հայտարարելը, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի ազդում մեզ վրա, անլրջություն է: Անլուրջ մարդը նման բան կարող է ասել»,- կարծում է նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանը չբացառեց, որ Հայաստանի մեկուսացված լինելու պատճառով տնտեսական ճգնաժամը մեզ մոտ մեղմ է, բայց. «Որքան էլ մենք իզոլացված լինենք, մենք աշխարհի ծնունդ ենք եւ լավ կլիներ, որ զգայինք այդ տնտեսական ցնցումները, որովհետեւ դա առաջին հերթին պետք է զգային օլիգարխիկ ստրուկտուրաները,բայց մեզ մոտ օլիգարխի փոխարեն տուժում է ժողովուրդը»:

Արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը կվտանգի Հայաստանի տնտեսական զարգացումը` հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Թույլ շոկ կարող է լինել, բայց կարճատեւ: Եթե մենք իսկապես արարող ժողովուրդ ենք, ապա 3 տարի հետո թուրքերը պետք է բողոքեն սահմանի բացումից»:

Տիգրան Սարգսյանի այն մտադրությունը, թե պետք է ստեղծել միջազգային համահայկական բանկ, Հրանտ Բագրատյանն շատ համառոտ մեկնաբանեց. «Նա իր համար աշխատատեղ է պատրաստում»:

Անդրադառնալով պետական բյուջեին` Հրանտ Բագրատյանն ասաց. «1995 թվականի բյուջեն 3-4 տոկոս պակասորդ ուներ, 13 տարի անց այդ պակասորդը 2 տոկոսով է նվազել, արդյո՞ք սա զարգացում է»: