ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպիսի՞ ազդեցություն է ունեցել կամ կարող է ունենալ ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` միակ ազդեցությունը հնարավոր բացասական սպասումներն են՝ կապված ֆինանսական հոսքերի հետ: Իսկ այլ առումներով, ըստ վարչապետի, Հայաստանում ամեն ինչ փայլուն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց իր` ԱՄՆ կատարած այցի մանրամասների մասին, սակայն երբ հնչեց վերոհիշյալ հարցը, վերջինս հանգամանալի տնտեսագիտական պատասխան հնչեցրեց՝ հետեւյալ նախաբանով. «Ուրեմն ինչպիսի մեսիջներ ունեմ ձեզ հաղորդելու ԱՄՆ-ից, որ մենք ստացել էինք աշխարհի լավագույն մասնագետների կողմից, որոնք հասկանալի պատճառներով գտնվում են Վաշինգտոնում»։
Ըստ նրա` առաջին մեսիջն այն է, որ ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է անվստահությամբ, երբ ֆինանսական ինստիտուտներն այլեւս միմյանց չեն վստահում եւ հրաժարվում են գործառույթներ իրականացնել։ Երկրորդ խնդիրը ֆինանսական ինստիտուտների լիկվիդայնությունն է՝ ընթացիկ վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների առկայությունը։ Եվ վերջապես՝ միջազգային շուկան ունի կապիտալիզացիայի մակարդակի հետ կապված խնդիր. եթե ֆինանսական ինստիտուտների ակտիվների որակը վատթարանում է, ապա հասկանալի է, որ նրանք «ուտում» են իրենց կապիտալը, այսինքն՝ սեփականատերերի սեփական միջոցները, որոնք ներդրված են այդ բիզնեսում, հետեւաբար՝ դրանք սկսում են նվազել:
Ավելի շատ դասախոսություն հիշեցնող այս պատասխանից հետո լրագրողները կրկին ցանկացան լսել Հայաստանին վերաբերող գնահատական՝ մասնավորապես, Հայաստանում ունե՞նք ցուցանիշներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
«Այո» կամ «ոչ» պատասխան ենթադրող այս հարցին Տիգրան Սարգսյանը հանդես եկավ կոչերով ու հորդորներով. «Անհրաժեշտ է պահպանել վստահությունը ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, չստեղծել ավելորդ աժիոտաժներ, այնպիսի բացասական սպասումներ, որ հեռու են իրականությունից։ Քանի որ աշխարհի ամենազարգացած երկիրն էլ, եթե գործ է ունենում բացասական սպասումների հետ, կարող է չդիմանալ»,- նկատեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ԶԼՄ-ները պետք է զերծ մնան սուտ տեղեկատվության տարածումից:
Վարչապետն, այնուամենայնիվ, անդրադարձավ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հրապարակված ցուցանիշներին, որոնք ցույց են տալիս, որ. «Մեր ֆինանսական ինստիտուտներն ունեն բավարար լիկվիդայնություն, ավելին՝ ավելցուկային լիքվիդայնություն»: «Հայաստանի բանկային համակարգի հուսադրության մակարդակը մի քանի անգամ բարձր է, քան ԱՊՀ երկրների նմանատիպ ցուցանիշները»,- գտնում է նա:
Կապիտալիզացիայի մակարդակի վերաբերյալ էլ վարչապետն ասաց. «Եթե մեր առեւտրային բանկերի 218 միլիարդ դրամ կապիտալը համեմատեք նրանց ակտիվների հետ, ապա կտեսնեք, որ համարժեքության նորմատիվը ՀՀ-ում չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում: Այսինքն՝ ֆինանսական ինստիտուտի սեփականատերերը սեփական միջոցներով կարողանում են ծածկել բոլոր տեսակի ռիսկերը: Եթե մեր ֆինանսական համակարգին ինչ-որ բան սպառնա, առաջին հերթին սպառնալու է սեփականատերերի կապիտալին: Բայց քանի որ ՀՀ կապիտալիզացիայի մակարդակը բարձր է, ապա այդ տեսակետից էլ հուսալիության մակարդակը բարձր է եւ անհանգստանալու տեղիք չի տալիս»:
Վարչապետի հավաստմամբ՝ ունենք հզոր գործիքներ, որոնց օգնությամբ վատագույն սցենարների դեպքում էլ կկարողանանք հաշվի առնել այն դասերը, որ առկա են զարգացած երկրներում, կկարողանանք օպերատիվ, համակարգային ձեւով միջամտել` թույլ չտալով ռիսկայնություն մեր ֆինանսական դաշտում: «Այդ առումով կարող եք հանգիստ լինել, որ մեր ֆինանսական համակարգը գտնվում է չափազանց լավ, կայուն ցուցանիշների ներքո»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: