Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԻ ԳԻՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՔԱՇԻ ՀԱՇՎԻՆ

Տնտեսություն

Սպառողը երբեք վստահ չի լինում, որ իր գնած հացը կշռում է այնքան, որքան ներկայացվում է: Հենց դա է պատճառը, որ հաճախ քաղաքացիները հաց գնելուց հետո դժգոհ դեմքով են հեռանում հացի խանութից:

«Իսկական խայտառակություն է: Եթե նախկինում գնում էի մեկ հաց եւ դա բավարարում էր ամբողջ օրվա համար, ապա հիմա երկուսն էլ հազիվ է բավարարում, քանի որ քաշը բավականին քցել են»,- «Ա1+»-ին դժգոհեց թոշակառու Զարիկ Ապրեսյանը: 43-ամյա Նինա Սիմոնյանն էլ նկատեց, որ հացի գինը իջեցնելու փոխարեն, քաշն են նվազեցնում. «Լսել էի, որ հացի գինը թանկացել է: Վաճառողուհին վստահեցրեց, թե այդպես չէ: Եվ, իրոք, իմ առած մատնաքաշը կրկին 170 դրամ արժեր, սակայն անմիջապես նկատեցի, որ փոխարենը նրա չափսն է փոքրացել»:

Խանութների վաճառողների շրջանում արված «Ա1+»-ի հարցումները ցույց տվեցին, որ վերջերս խիստ ստուգումներ են սկսվել հացի արտադրության ոլորտում: Արդյո՞ք դրանք չեն կրի ժամանակավոր բնույթ, եւ սպառողը չի կանգնի կոտրած տաշտակի առաջ: Եւ ո՞րն է այդ ստուգումների նպատակը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին այս հարցի վերաբերյալ ասաց. «Առաջինը նշենք, որ այս հարցը մշտապես հասարակությունը, ԶԼՄ-ը հնչեցրել են: Դժգոհությունը տեղին էր եւ կայանում էր հետեւյալում, որ եթե ազգային վիճակագրական ծառայությունը հետեւում է հացի գներին, 10 օրը մեկ մոնիտորինգ է անում, կարեւոր է, որ խոսքը գնա միեւնույն քաշի հացի մասին, որովհետեւ շատ հաճախ արհեստականորեն գները բարձացվում են` ոչ թե փոխելով գինը, այլ քաշը փոխելով»:

Ըստ նրա` նվազեցնելով հացի քաշը, ըստ էության, նույնպես նշանակում է գնի ավելացում: «Պահանջներ կային, որոնք ներկայացվում էին պետությանը, որ էապես խստացնի այս ոլորոտում կարգուկանոնը եւ իրականացվի վերահսկողություն: Ուժի մեջ մտավ վերջին օրենսդրական փաթեթը, որը նաեւ լրացուցիչ հնարավորություններ տվեց պետությանը, որից հետո էլ սկսեցին լայնամասշտաբ ստուգումներ»,- նշեց նա:

Ի դեպ, ըստ վարչապետի` դրանով երկու նպատակ են հետապնդում. կարգ ու կանոնի հաստատում, որի նպատակը սպառողի շահերի պաշտպանությունն է, եւ հարկային պարտականությունների կատարման խնդիրը, որպեսզի կարողանան ամբողջ ծավալով ֆիքսել, թե ինչ քանակությամբ հաց է իրականում սպառվում եւ արդյոք այդ պարտավորությունները կատարվում են:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն էլ այդ հարցի վերաբերյալ նկատեց, որ ավելի հեշտ է հացի քաշի վերահսկողությունը իրակացնել արտադրության գործընթացում, քան դա կատարել խանութում եւ դրա հիմնական շեշտը դնել տեսչական ստուգման կամ սպառողի վերահսկողության վրա: Իսկ թե ինչո՞ւ է այդպես կարծում, նա մանրամասնեց. «Դեռ ոչ բոլոր կետերում են, որ հացի վրա մակնշվում է, թե ինչ քաշ պետք է ունենա հացը: Սպառողների մեծ մասը անգամ տեղյակ չէ, որ եթե անգամ քաշը այնտեղ գրված է, այնուամենայնիվ, գրվածի եւ իրական քաշի տարբերությունը կարող է լինել պլյուս-մինուս երեք տոկոս: Երրորդ եւ ամենակարեւոր կետն այն է, որ ամեն մի խանութում չկա հսկիչ կշեռք, ինչը պետք է առանձին դրված լիներ եւ սպառողը անմիջապես հացը գնելուց հետո կշռեր»: Ի դեպ, վերջինս պնդում է, որ ոչ թե վաճառողներին պետք է հացի թերացման համար պատժել, այլ գործարարներին: